Esem.am-ը գրում է.
1 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը: 54-ամյա դերասանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա, «Մահ իմացյալ անմահություն» և Մարտական ծառայության մեդալակիր: Բեմադրիչը երիտասարդ դերասան-դերասանուհիներից էր շատերին է կրթել:
Դերասանուհի Աննա Հարությունյանն ավարտել է Արմեն Մազմանյանի կուրսը, այժմ էլ շարունակում է աշխատել նրա ստեղծած Գոյ թատրոնում: Ուսուցչի մահը Աննայի համար մեծ կորուստ էր: Դերասանուհին նրան նվիրված մի հոդված է գրել, որը վստահել է ESem.am-ին: Հրապարակում ենք այն ամբողջությամբ.
«Լռիր և խոսիր այն ժամանակ, երբ խոսքդ լռությունից իմաստուն կլինի». ահա նրա անգին պատգամներից մեկը, որը, թերևս, առաջին անգամ կխախտեմ իր իսկ մասին խոսելու նպատակով: Նրա մասին հետին թվով խոսելն իսկ սոսկալի է, բայց գոնե նման կերպով կկարողանամ ընթերցողին ներկայացնել իմ անկեղծ հիշողությունները բարձրագույն ՄԱՐԴՈւ, իրական ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ՝ ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ:
Ամեն անգամ՝ լիներ փորձ, թե ներկայացում նրա՝ թատրոն գալը տոն էր մեզ համար: Եթե ներկայացում պիտի խաղայինք, ապա մոռանում էինք ամբողջ հանդիսատեսին և խաղում միայն նրա համար… Իսկ ներկայացումից հետո նա երբեք անտարբեր չէր անցնում ոչ ոքիս կողքով… Միշտ շոյող մի բառ էր ասում, ապա բոլորիս հավաքում ու խորհուրդներ տալիս կերպարի և ներկայացման հետ կապված: Եթե նույնիսկ դժգոհություն էր ունենում, այնպես նուրբ ու հումորով էր մոտենում դրան, որ ոչ ոք չէր էլ նեղսրտում:
Շատ էր հարգում դերասանին՝ ինչ տարիքի էլ լիներ, և, առհասարակ, իր սաներին կրթելիս կարևորում էր մարդուն, հետո միայն մասնագետին: Հաճախ էր նշում. «Յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է դիմացինի ազատությունը»: Մեծ տեղ էր տալիս դերասանի էթիկային, դա երկար էր բացատրում: Ասում էր՝ վարժեցրե՛ք ձեր երևակայությունը ամեն վայրկյան, որտեղ էլ լինեք: Սեր էր արթնացնում դեպի գիրը, գրականությունը, արվեստը և, իր խոսքով ասած՝ դեպի ՁԵՐԴ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ԹԱՏՐՈՆԸ: Անընդհատ կրկնում էր՝ կրթվեք, կատարելագործվեք, ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉԻ ՄՆԱ…
Սամսոն Ստեփանյանի բեմադրած Աղասի Այվազյանի «Դեկորներ» ներկայացման պրեմիերային ներկա չէր, ինստիտուտի հետ կապված հարցերով բացակայում էր երկրից: Այս ներկայացման մեջ ներգրավված էին 4 տղա և ես: Երկրորդ ներկայացմանը եկավ… ներկայացումը խաղացինք՝ մեր ՄՈՒՍԱՅԻ գալուստով ոգևորված: Ավարտից հետո սրտատրոփ սպասում էի կուլիսներում: Մոտեցավ ու ժպտալով ասաց. «Ապրես բալես, սրանց հախից լավ եկար»… Նկատի ուներ 4 տղամարդկանց:
Մեծ մարդ էր, միշտ փորձել եմ նմանվել նրան, հասնել նրա ինտելեկտի գոնե մի սանդղակին: Վերջին ամիսների ընթացքում մի անգամ նրան անտրամադիր չտեսա՝ չնայած առողջական խնդիրներին. չէր սիրում ծանրաբեռնել դիմացինին իր խնդիրներով, միշտ դրական էր տրամադրված կյանքի հանդեպ, չափազանց լավատես էր:
Հիշում եմ՝ առաջին կուրսում հարցրեց, թե ո՞վ է կարդացել «Պատերազմ և խաղաղություն» վեպը ու նայեց աչքերիս. մինչ ինստիտուտ ընդունվելս բավականին պաշար ունեի և արդեն պլանավորել էի ձեռքս վերցնել Տոլստոյին… Պատասխանեցի, որ չեմ կարդացել ու մինչ դասի ավարտը արցունքներս զսպեցի, ապա դասից հետո հասա տուն և մեկ ու կես օրում վերջացրեցի 4 հատորները: Հետո մանկական էգոիզմից ելնելով՝ ուզում էի ասել, որ կարդացել եմ, բայց էդպես էլ լռեցի: Հիմա էս ամենը ծիծաղելի է թվում, բայց նրա հետ կապված թեկուզ աննշան դեպք թանկ հիշողություն է դարձել:
Շատ գործեր ուներ անելու, անհավատալի ստեղծագործական, ռեժիսորական մտահղացումներ, որոնք, ավաղ, անկատար մնացին: Իր արվեստում մաքսիմալ անկեղծ էր և ուզում էր, որ մենք էլ այդպիսին լինեք: Հաճախ էր կրկնում Լոպե Դե Վեգայի խոսքերը. «ԱՐՎԵՍՏԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՐԳևԵԼ ԹևԵՐ, ԲԱՅՑ ՆԱԵՎ՝ ՍՄԲԱԿՆԵՐ»: Ասում էր, որ ամեն ժողովուրդ իր արվեստով է կայուն և ուժեղ, ուստի պահպանենք մերը, ամրանանք, կատարելագործվենք: Ազգանվեր մարդ էր և հայրենիքի հանդեպ իր սերը մեզ էր փոխանցում:
ՏՈՆ ԷՐ ԱՐՄԵՆ ԱՂԱՍԻՉԸ, ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ ԿՄՆԱ:
ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻԴ ՎԱՌ Ու ԼՈՒՍԱՎՈՐ ՊԱՀԻ ՈՒՍՈՒՑԻՉ, ՈՐ ՄԵԶ ՄԱՐԴ ԴԱՐՁՐԻՐ ՈՒ ՀԵՌԱՑԱՐ…
Ամալյա Հովհաննիսյան