ESem.am-ն անդրադարձել է մեծ դժվարություններով ու ծնողներին խաբելով իր երազանքների հետևից գնացած և Բրազիլիա  հասած Արթուր Հարոյանին: Դերասանն այժմ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ներկայացում է բեմադրում: «Աշխատանքները վաղուց սկսվել են և մեծ ակնկալիք ունեմ, որ ամեն բան հաջող կստացվի և բրազիլացի հանդիսատեսին կկարողանամ վերապատմել ու ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել հայերիս հետ 1915 թվականին»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

 

 

Անդրադառնալով սպասվող տոներին՝ Արթուրն ասաց, որ Բրազիլիայում Ամանորը նշելը մի քիչ աննորմալ է: «Նոր տարին  հայերիս մոտ ասոցացվում է ցրտի, ձյան հետ, իսկ այստեղ այդ ամենը չկա, այստեղ Ձմեռ Պապը շորտով է, բոլորն ամառային հագուստով են:) Այնուամենայնիվ, տանիքները զարդարված են ամանորյա խաղալիքներով, լույսերով, ինչը տոնական շունչ է տալիս: Այստեղ պալմաները զարդարում են և վերածում եղևնու:)»,- ծիծաղելով ներկայացրեց Արթուրը: 

 

 

Ամանորն ընտանեկան տոն համարող բրազիլահայ դերասանը 5 տարի է՝ նոր տարին դիմավորում է Բրազիլիայում:  «Ամանորի գիշերը` Հայաստանի ժամով ուղիղ կեսգիշերին սկայպով ընտանիքիս անդամների հետ դիմավորում եմ Նոր տարին, հետո` սկայպը միացրած եմ թողնում, և բոլորով նշում ենք բրազիլական Նոր տարին: Ընկերներս հավաքվում են իմ տանը, ես եմ պատրաստում Ամանորյա ուտեստները»,- ասաց նա և հավելեց, որ ընտանիքի անդամներից իր հետ է միայն շունը` Րաֆֆին:)

 

 

 Դերասանի խոսքով՝ միշտ հավատացել ու հավատալու է ամանորյա հրաշքներին: «Այս տոնի խորհուրդը հրաշքներին հավատալն է: Միայն հայերի մոտ է, որ տոնն ասոցացվում է 15 մետրանոց ճոխ սեղան գցելով ու 4 օրում խոզի բուդը ոչնչացնելով,- ասաց  30-ամյա Արթուրն ու ավելացրեց, որ Ձմեռ Պապիին վաղուց նամակ չի գրում:) -Դրա փոխարեն մտապահում եմ երազանքներս: Վստահ եմ` Ձմեռ Պապը մտքերը կարդալ գիտի»: 

 

 

Արթուրը նշեց, որ նախորդ տարի այցելեց Հայաստան, կարոտն առավ հայրենիքից, հարազատներից, ընկերներից: «Բացի այդ՝ այցելեցի այնպիսի վայրեր, որտեղ նույնիսկ Հայասատնում բնակվելու տարիներին չէի հասցրել լինել: Հաջորդ տարի հուսով եմ, որ երկրում խաղաղություն կլինի, նամանավանդ` վերջին դեպքերից հետո: Վստահ եմ` Աստված և արդարությունը հայի կողմն է»,-ասաց դերասանը և հույս հայտնեց, որ  Այծի տարում կգտնի իր միակին` Րաֆֆիի մայրիկին:) 

 


Դերասանի հետ զրուցեց Քրիստինե Պողոսյանը