Դուբայում մեկնարկում է ամենամյա միջազգային կինոփառատոնը՝ թվով 11-րդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այս տարի փառատոնի շրջանակներում կցուցադրվի 118 ֆիլմ, որոնցից 55-ը միջազգային պրեմիերաներ են:
Դուբայի կինոփառատոնի ծրագրում, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 17-ը, ընդգրկված են աշխարհի 48 երկրների կինոնկարներ՝ 34 լեզվով: Կինոփառատոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան կբացի ռեժիսոր Ջեյմս Մարշի կենսագրական ֆիլմը (The Theory of Everything): Այն հիմնված է Ջեյն Հոկինգի հուշերի վրա՝ նվիրված իր նախկին ամուսնու՝ Սթիվեն Հոկինգի հետ հարաբերություններին:
Մրցույթը կանցկացվի մի քանի անվանակարգերում՝ լավագույն արաբական կինո, Էմիրությունների կինո, համաշխարհային կինո, կինո երեխաների համար եւ այլն: Կինոփառատոնի ժյուրին գլխավորում է ամերիկացի կինոռեժիսոր Լի Դենիելսը:
Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի փառատոնի կազմակերպիչները նորամուծություն են սահմանել. քաղաքի առափնյա վայրերից մեկում բոլոր ցանկացողների համար անվճար կինոդիտումներ կկազմակերպվեն բաց երկնքի ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: