Չեխիայի արտաքին գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանում հանդիսացող «Պրահայի չեխական կենտրոններ» գործակալության սրահում Հայաստանի և Չեխիայի մշակույթի նախարարների մասնակցությամբ և Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո նոյեմբերի 12-ին բացվել է Չեխիայի 19 հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսավոր արարողությունը բացել է «Պրահայի չեխական կենտրոններ» գործակալության գլխավոր տնօրեն Վիլմա Անիժովան։ Այնուհետև ելույթներ են ունեցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Չեխիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Կատերժինա Կալիստովան և Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։
Նախարար Պողոսյանը նշել է հայ մշակույթը Չեխիայում ներկայացնելու կարևորությունը և ցուցահանդեսը համարել մի փոքրիկ Հայաստան հիասքանչ Պրահայի կենտրոնում` ավելացնելով, որ հայ նկարիչներն իրենց հետ հայրենիքից բերել են Հայաստանի գույներն ու հոգին: Նախարարն առաջարկել է, որպեսզի Չեխիայի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես կազմակերպվի նաև Երևանում՝ 2015թ.:
Տիկին Կալիստովան ընդգծել է, որ ցուցահանդեսը բացառիկ է բազմաթիվ տեսանկյուններից, քանզի այն հանդիսանում է չեխ-հայկական մշակութային համագործակցության առավել խոշոր նախագիծը: Այն միտված է նկարիչների ճանաչմանը ու նրանց համար երկրորդ հայրենիք դարձած Չեխիայի հանդեպ ունեցած հայացքների արտահայտմանը:
Դեսպան Սեյրանյանը հանդիսության բազմաթիվ մասնակիցներին ներկայացրել է ցուցահանդեսի կատալոգը, որը տպագրվել է հայաստանյան «Աստղիկ գրատուն» հրատարակչության կողմից (պատրաստվել է Չեխիայում ՀՀ դեսպանության և նկարիչ Հրայր Ղարիբյանի կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության և չեխահայ գործարարներ Գևորգ Ավետիսյանի ու Արամայիս Մեժլումյանի հովանավորությամբ):
Ցուցասրահում և կատալոգում տեղ են գտել չեխահայ բազմաթիվ նկարիչների աշխատանքները:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հեղինակները, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Հայաստանում Չեխիայի գործերի հավատարմատար Պետր Միկիսկան, չեխ պատգամավորներ, դիվանագետներ, արվեստի և մշակույթի գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 22-ը: