Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր  Հարություն Խաչատրյանը հրավիրված է ղեկավարելու  Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթի միջազգային ժյուրին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» փառատոնի գրասենյակից, «Լիստոպադ»  կինոփառատոնը կմեկնարկի նոյեմբերի 7-ին: «Հատուկ հյուր» բաժնում կցուցադրվի ռեժիսորի «Հայկ. փախուստ» ֆիլմը:


«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել այս տարի Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում՝ ապրիլի 30-ին: Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ տասը միջազգային կինոփառատոների, այդ թվում ՝ Մոսկվայի, Եկատերինբուրգի, Թբիլիսիի վավերագրական ֆիլմերի «Cinedoc», Ալժիրի, Ժնևի միջազգային կինոփառատոներին: Կոսովոյի ՄԿՓ-ում «Հայկ. փախուստ» ֆիլմը, որ վավերագրական միջազգային մրցութային անվանակարգում էր առաջադրված, արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին:

 

«Հայկ.փախուստ» ֆիլմն ընտրվել է Տորինոյի ՄԿՓ-ի Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթին մասնակցելու համար: Տորինոյի կինոփառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 21-ից 29-ը:

 

Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանակարգում:   «Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969-ին: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր հետին պլան է մղվում:   Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը 1988-ին նույն փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989-ին արժանացել է «Արծաթե սեստերցÕ «» հեղինակավոր մրցանակին: