Օրերս ESem.am-ին հայտնի է դարձել, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Գրիգորի Հակոբյանը, ով հանդիսատեսին հայտնի է մի շարք մանրապատումներից, գովազդներից ու ֆիլմերից, տեղափոխվել է ԱՄՆ:

 

Մեզ հետ զրույցում դերասանը հաստատեց լուրը և ասաց, որ ԱՄՆ մեկնել է հունիսին: «Քանի որ հարազատներս` քույրս ու հայրս, այստեղ են բնակվում, ես նույնպես եկա ԱՄՆ: Շատ եմ կարոտում թատրոնս ու ընկերներիս, բայց գիտակցում եմ նաև, որ Հայաստանում ամեն ինչ լճանում է: Մի օր հասկացա, որ ես նույնպես պետք է լքեմ Հայաստանը: Այստեղ նույնպես խնդիրներ կան, բայց այստեղ կարողանում ես լիարժեք ապրել»,- շեշտեց Գրիգորին և ավելացրեց, որ վերջերս շատ դերասաններ են ԱՄՆ տեղափոխվել, որպեսզի կարողանան ապրել:

 

 

Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչ նկատի ունի լիարժեք ապրել ասելով, ինչին ի պատասխան ասաց, որ այնտեղ մարդ իրեն շատ գնահատված է զգում և ցանկացած գործ գնահատվում է ըստ արժանվույն: «Լիարժեք ասելով՝ նկատի ունեմ, որ ապրում ես քո ընտանիքում և քո առաջ շատ հնարավորություններ են բացվում ապրելու և առաջ գնալու համար, ինչը, ցավոք, չեմ կարող ասել մեր հայրենիքի մասին: Վստահ կարող եմ ասել, որ ոչ ոք լավ կյանքից չի լքում իր հայրենիքը և ապաստան գտնում օտար երկրում»,-ասաց այժմ Գլենդելում բնակվող Գրիգորին:

 

 

Նրա խոսքով` ԱՄՆ տեղափոխված դերասան Նարեկ Ներսիսյանի հետ աշխատում են նոր ներկայացման ու շոու ծրագրի վրա, որի մանրամասներն առայժմ չի ցանկանում բացահայտել: Նրա խոսքով՝ վերջերս էլ  ներկայացման հետ կապված հարցերով օգնել է դերասան Արթուր Կարապետյանին և նրա կնոջը` դերասանուհի Սաթիկ Հախնազարյանին, ովքեր հյուրախաղերով ԱՄՆ-ում էին:

 

Գրիգորիից տեղեկացանք նաև, որ այս շրջանում շնորհալի շատ մարդկանց հետ է շփվում և աշխատում, ովքեր Հայաստանում հայտնի չեն, բայց ԱՄՆ-ում բավականին մեծ հաջողությունների են հասել:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը