Ռեժիսոր Սերժ Ավետիքյանը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ պատրաստվում է նկարահանել «Մշո ճառընտիր» վերնագրով անիմացիոն ֆիլմ: Ֆրանսահայ կինոռեժիսորը վերջին շրջանում լրջորեն աշխատում է իր նոր՝ «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի վրա, որը ներկայացնում է ցեղասպանության հետևանքները, սակայն համաձայնել է այս նախագիծն էլ կյանքի կոչել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սերժ Ավետիքյանը նշեց, որ ֆիլմի բովանդակության մասին փակագծերը չի բացի, քանի որ դեռևս վաղ է խոսել այդ նախագծի մասին:
«Ֆիլմի սցենարը կա, որն իմը չէ, և ես այն ընդունել եմ: Ես այն հավանել եմ, որովհետև շատ հիանալի, շատ հարուստ, զգայուն թեմա է: Ես կանեմ այդ ֆիլմը, բայց այժմ ոչ մի ստորագրված փաստաթուղթ չկա, սպասում եմ, որ հենց ստացվեց, սկսեմ աշխատել: Շատ գեղեցիկ գործ է»,-նշեց Սերժ Ավետիքյանը:
Ֆիլմը նկարահանվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Արտադրող կազմակերպությունն է «Արտ ստեպ ստուդիա»-ն: Սերժ Ավետիքյանը տեղեկացրեց, որ թողարկումից հետո 15-րոպեանոց ֆիլմն ընդգրկվելու է ռուսական «Comer Work» ստուդիայի «WW1» ֆիլմ-ալմանախի ծրագրում, որն առնչվում է 1914-18 թթ. իրադարձություններին: Ծրագիրն իր մեջ ներառում է տարբեր երկրների ներկայացրած առանձին կինոնովել-պատմություններ: Կարճամետրաժ ֆիլմերը կներառվեն մեկ ընդհանուր ֆիլմի մեջ, որը կտարածվի բազմաթիվ երկրներում:
«Մշո ճառընտիր»-ի փրկության իրական և անհավատալի պատմությունն արդեն լեգենդ է դարձել, իսկ Ճառըտիրը փրկող կանայք՝ հերոսներ:
Սերժ Ավետիքյանը համոզված է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն: «Կարծում եմ, որ զանազան մոտեցումներ կլինեն՝ թատերական, վավերագրական, անիմացիոն, թող բոլոր միջոցներով արտահայտվեն : Արվեստը հնարավորություն է տալիս, որ մի ազգ, մի ժողովուրդ արտահայտվի, բայց սրանով չի սկսվելու և վերջանալու գործընթացը, այն սկսված է արդեն, և շարունակելու ենք: Հուսով եմ, որ որոշ նորություններ ի հայտ կգան: Գոնե ինֆորմացիայի առումով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գործերը մեծ դեր են խաղալու, ինչպես օրի նակ «Մշո ճառընտիր»-ը»,-նշեց նա:
Անվանի ռեժիսորի նախնիները ևս տուժել են Հայոց ցեղասպանության արհավիրքներից: «Անցյալը մնում է անցյալ, անցյալի վրա խաչ քաշել պետք չէ, բայց այն «մարսել» է պետք»,-պարզաբանում է Ավետիքյանը:
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան Սերժ Ավետիքյանը սովորել է Մյոդոնի դրամատիկական արվեստի դպրոցում, խաղացելֆրանսիական դասական ու ժամանակակից խաղացանկի շատ ներկայացումներում:
1976-ին Փարիզում հիմնել է թատերականընկերություն և մի շարք ներկայացումներ բեմադրել: 1982-ից սկսել է վավերագրական ֆիլմեր նկարահանել` միաժամանակ շարունակելով աշխատանքը որպես կինոյի և թատրոնի դերասան:
1988-ին հիմնել է սեփական կինոընկերությունը և հեղինակային ֆիլմեր նկարահանել:
Զուգահեռաբար շարունակել է դերասանական գործունեությունը թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում: 2000-ից առավելապես նվիրվել է թատրոնում և կինոյում խաղալուն և շարունակել ֆիլմեր նկարահանել նոր պրոդյուսերների հետ: 2007-ին ասպարեզ է հանել «Մենք նույն ջուրն ենք խմել» իր առաջին վավերագրական լիամետրաժ ֆիլմը: 2010-ին
Ավետիքյանը «Շների կղզին» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար արժանացել է Կաննի
միջազգային կինոփառատոնի «Ոսկեարմավենու ճյուղին»: Նա կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքին ու
ստեղծագործությանը նվիրված «Փարաջանով» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համահեղինակն է և գլխավոր
դերակատարը: Բեմադրել է նաև «Անուշ»օպերան:
Ռոզա Գրիգորյան