Տարին հոբելյանական է ու շատ միջոցառումներ տարվա ընթացքում ձոնվում ու նվիրվում են հայ մեծ երգահանին, երգչին ու վարդապետին: Հառիճավանքը Կոմիտաս վարդապետի սիրած վայրերից մեկն է եղել, որտեղ 1904 թվականին տենդով հիվանդ Կոմիտասը ապաքինվել է ու հանգստացել, սակայն միայն ապաքինվելը չդարձավ մեծ վարդապետի Հառիճում մնալու նպատակը՝ վերջինս այստեղ գրի է առնում 34 նոր երգ, զտում հները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ առաջին մեծ երգչախումբը Կոմիտասը ևս ձևավորում է Հառիճում:
Հոկտեմբերի 19-ին Հառիճավանքի տարածքում անցկացվեց հոգևոր երգերի մարզային փառատոն: ՀՀ-ում իր բնույթով եզակի հոգևոր երգերի մարզային փառատոնն անցկացվեց հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:
Փառատոնի շրջանակում հոգևոր երգի կատարումներով մասնակցեցին Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Ազատան, Ամասիայի համայնքների երաժշտական, արվեստի և հանրակրթական դպրոցների մանկական երգչախմբերը: Փառատոնում հոգևոր երգի յուրահատուկ կատարումներով առանձնացավ նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ‚ Արթիկի թեմի «Սաղմոս» երգչախումբը՝ խմբավար Գևորգ սարկավագ Քեշիշյանի ղեկավարությամբ: Եղան նաև անհատ կատարողներ:
Փառատոնը կազմակերպվել և կյանքի է կոչվել ՀՀ Շիրակի մարզպետարանի, «Արվեստը հանուն խաղաղության», «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների և Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արթիկի թեմի նախաձեռնությամբ: Միջոցառման անցկացմանն իր օրհնությունն էր տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Փառատոնի կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի նախաձեռնող Գոռ Մարգարյանը՝ փառատոնի գլխավոր նպատակն է տարածել հայ հոգևոր երաժշտությունը հանրապետության ողջ տարածքում՝ տարեցտարի մեծացնելով մասնակիցների թիմը: Ի դեպ, այս անգամ փառատոնի մասնակիցների թիվը 300 էր: «Փառատոնը խնդիր ունի նաև ոգեւորելու հայ պատանուն և երիտասարդին, մղելու ազգային արժեքների գիտակցմանը և հոգևոր երգի միջոցով պահանջատեր լինելու հայկական հարցի լուծմանը»,-նշեց Գոռ Մարգարյանը:
Խոսելով փառատոնին ն երկայացվելիք երգերի մասին` պատասխանատուն տեղեկացրեց, որ դեռ մայիսից Կոմիտասի ստեղծագործությունները, որպես պարտադիր կատարման նյութեր, բաժանվել են մարզի բոլոր երգչախմբերին: Սեպտեմբերից «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ՀՀ երգչախմբային արվեստի լավագույն խմբավարներն այցելել են Շիրակի մարզ և անցկացրել վարպետության դասեր՝ տեղի երգչախմբերի և խմբավարների հետ:
Հոգևոր համերգը մեկնարկեց ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի օրհնությամբ: Թեմի հոգևոր առաջնորդն իր խոսքում նաև շնորհակալություն հայտնեց այն լավ նախաձեռնության համար, որ իրականացվում է պատմական Հառիճավանքում: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նախաձեռնողներին, որ գալիս եք այս սուրբ վայրը՝ ձեր երգով ջերմություն բերելով ու կենդանացնելով այս սուրբ հինավուրց տաճարը: Թող այս գեղեցիկ նախաձեռնությունները միշտ ուղեկից լինեն մեր բոլորի կյանքում»,-իր խոսքում նշեց Հովակիմ սրբազանը:
Արմենուհի Մխոյան