Բրիտանական The Man Booker Prize հեղինակավոր գրական մրցանակը 2014 թվականին հանձնվել է ավստրալացի գրող Ռիչարդ Ֆլենագանին «Նեղ ճանապարհ դեպի հեռավոր հյուսիս» (The Narrow Road To The Deep North) վեպի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին, հայտարարվել է Լոնդոնի Գիլդհոլ քաղաքապետարանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: 

 

Գրողին պարգեւը հանձնել է արքայազն Չառլզի տիկինը՝ Քոռնուելի դքսուի Կամիլան: Հաղթողը նաեւ ստացել է 50 հազար ֆունտ ստեռլինգի (շուրջ 80 հազար դոլարի) մրցանակ: Համառոտ ցանկի մնացած հինգ հավակնորդներն ստացել են 2,5 հազարական ֆունտ ստեռլինգ:

 

«Նեղ ճանապարհ դեպի հեռավոր հյուսիս» վեպը պատմում է այն ռազմագերիների ճակատագրի մասին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ճապոնիայի հրամանատարության հրամանով երկաթուղի են կառուցել Բիրմայի և Թաիլանդի միջեւ: Այն ստացել է «մահվան ճանապարհ» մականունը, քանի որ դրա շինարարության ժամանակ մահացել են մոտավորապես 90 հազար ասիացի տաժանակիրներ և 16 հազար ռազմագերիներ:

 

«Նեղ ճանապեարհ դեպի հեռավոր հյուսիս»-ը 53-ամյա Ֆլենագանի՝ թվով վեցերորդ վեպն Է, որը գրելու համար պահանջվել Է գրեթե 12 տարի: Գրողի հայրը մասնակցել Է «մահվան ճանապարհի» շինարարությանը եւ մահացել Է 98 տարեկան հասակում այն օրը, երբ Ֆլենագանն ավարտել Է գիրքը: 

 

Այս տարի մրցանակի համառոտ ցանկում տեղ են գտել Քարեն Ջեյ Ֆաուլերի «Մենք բոլորս բացարձակապես մեզ կորցրել ենք», Ջոշուա Ֆերիսի «Հարություն առնել հարմար ժամանակ», Հովարդ Ջեյկոբսոնի «Ջեյ», Նիլ Մուքհերջիի «Օտար կյանքեր» և Ալի Սմիթի «Ինչ անեն թե՛ նրանք, թե՛ մյուսները» վեպերը: