Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ակտիվ գործունեություն է ծավալում: Պրեմիերաներ, ծրագրեր, շրջագայություններ…Մշակութային օջախի նոր տնօրեն Անդրանիկ Արզումանյանը օպերային թատրոնին նոր «շունչ» է հաղորդել:


Առաջիկայում հայ հանդիսատեսն ականատես կլինի բազմաթիվ հետաքրքիր և նոր ներկայացումների:Անդրանիկ Արզումանյանը համոզված է՝ թատրոնի արձանագրած հաջողությունների մասին դեռևս վաղ է խոսել: «Ամենամեծ հաջողությունը, երևի, այն է, որ այս ընթացքում անհաջողություն չենք ունեցել:

 

Բավականին աշխատանք է արվել վերջին ամիսներին: Առաջին քայլերը կատարեցինք՝ թատրոնում կառուցվածքային խոշոր փոփոխություններ անելով: Կային բաժիններ, որ լուծարվեցին, նոր բաժիններ ավելացրինք, առանց որոնց ժամանակակից թատրոնը գոյություն ունենալ չէր կարող: Սակայն դեռ շատ անելիքներ կան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արզումանյանը: