Մայնի Ֆրանկֆուրտում հոկտեմբերի 8-ին արդեն 66-րդ անգամ մեկնարկում է աշխարհում գրքերի խոշորագույն տոնավաճառը, բացման հանդիսավոր արարողությունը նախօրյակին տեղի է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մասնակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը իդեալական վայր է, որպեսզի մարդիկ սկսեն ավելի լավ հասկանալ միմյանց եւ քննարկել քաղաքական գաղափարներ»,- ասել է նախարարը երեքշաբթի երեկոյան:
Գրքերի ցուցահանդեսն այս տարի անցնում է Ֆինլանդիայի հովանու ներքո: Ընդամենը միջոցառմանը կներկայացվի շուրջ 400 հազար անուն գիրք: Դրանք կտեղաբաշխվեն 170 հազար քառակուսի մետր տարածքում: Հոկտեմբերի 8-ից մինչեւ 12-ը Մայնի Ֆրանկֆուրտում կհավաքվեն 102 երկրների հրատարակչությունների 7 հազարից ավելի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «631 գրական գործակալներ, 9,3 հազար հավատարմագրված լրագրողներ, այդ թվում՝ մոտավորապես հազար բլոգեր», ասված է միջացառման կազմկոմիտեի հաղորդագրության մեջ:
Սպասվում է, որ ցուցահանդես կայցելեն մոտավորապես 275 հազար հյուրեր, որոնց համար տոմսի արժեքը 18 եվրո է, ինչպես նաև գրքի ինդուստրիայի 170 հազարից ավելի մասնագետներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: