Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում մասնակցել է «Հիշողության կերպարանափոխությունները: Ժառանգությունից` արդիականություն» խորագրով թանգարանային ֆորումին: Միջոցառումն անցկացվել է սեպտեմբերի 25-27-ը: Արմինե Գրիգորյանն ըստ արժանվույն է ներկայացրել մեծանուն կոմպոզիտորի տուն-թանգարանը միջազգային այս ֆորումում:
«Ֆորումի ընթացքում տեղի ունեցավ մեր թանգարանի շնորհանդեսը: Ես ներկայացրի մեր թանգարանի գործունեությունը: Իմ շնորհանդեսը կոչվում էր «Մաեստրոն և իր տունը»: Խոսեցի թանգարանի պատմության և առօրյայի մասին: Ներկայացրի լուսանկարներ, իսկ այդ ամբողջ ընթացքում հնչում էր Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ինչը շատ ոգևորեց ներկաներին»,- նշեց Գրիգորյանը:
Բացի այդ, թանգարանի տնօրենը մասնակցել է մի մրցույթի և ստեղծել նախագիծ կոմպոզիտոր Նուրգիսա Տլենդիեվի նորաբաց թանգարանի համար: Նախագիծը ճանաչվել է լավագույններից մեկը: Այն վերաբերել է նորաբաց թանգարանի գովազդին և դրա մասին տեղեկատվության տարածմանը:
«Ֆորումին մասնակցում էին ԱՊՀ երկրների ներկայացուցիչները: Շատ հետաքրքիր էր շփվել գործընկերների հետ, մենք ամեն մեկս ներկայացնում էինք մեր թանգարանները: Մենք ձեռք բերեց նոր ծանոթություններ, համագործակցության եզրեր այլ երկրների թանգարանների հետ, որոնք շատ մոտ են և՛ գաղափարապես, և՛ ծրագրերով»,- նշեց Գրիգորյանը:
Թանգարանի տնօրենի խոսքով՝ թե ինչ կտա մեր թանգարանին մասնակցությունն այս ֆորումին, կպարզվի ընթացքում: «Մենք կապի մեջ կլինենք այլ թանգարանների և այն կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են թանգարանների հետ: Հետագայում հնարավոր է, որ ինչ-որ քայլեր միասին անենք»,-հավելեց Գրիգորյանը:
Անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնվել է 1978 թ.: 1984 թ.հունվարի 23-ին բացվել է տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: