Հայկական ֆիլմերի երաժշտությունը կհնչի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ: Դեկտեմբերի 23-24-ին հայ ունկնդիրը հնարավորություն կունենա մասնակցել նվագախմբի Non-Stop համերգաշարի նոր՝ «Հայֆիլմ Non-Stop» իրադարձությանը: Համերգների ամբողջ ընթացքում կցուցադրվեն հատվածներ սիրված ֆիլմերից: Իրադարձությունները կանցկացվեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կինոնկարների սաունդթրեքներն ընտրության փուլում են:
«Այս տարի մենք ներկայացնելու ենք հետաքրիր ծրագիր՝ կապված մեր հայկական ֆիլմերի հետ: Մենք ներկայացնելու ենք հայկական կինոերաժշտությունը: Շատ կոմպոզիտորներ աշխարհում հենց ֆիլմերի երաժշտությամբ են հայտնի դարձել: Եվ հաճախ հարց է առաջանում՝ ֆի՞լմն է օգնել երաժշտությանը, թե՞ երաժշտությունը ֆիլմին՝ ճանաչված դառնալու առումով, ինչպես եղավ հայտնի «Կնքահայրը» ֆիլմի պարագայում»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:
Մաեստրոյի խոսքով՝ մենք ունենք աշխարհահռչակ կոմպոզիտորներ, որոնք երաժշտություն են գրել ֆիլմերի համար: «Օրինակ՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ֆենոմենալ երաժշտություն է գրել ֆիլմերի համար: Հայֆիլմ Non-Stop համերգաշարում մենք կներկայացնենք մեծ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այն գործերն ու ֆիլմերը, որոնք բոլորս սիրում ենք»,- հավելեց նա:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այս տարի իրականացրեց «Cartoon Non-Stop» խորագրով համերգաշարը,որի ընթացքում հնչեցին հայտնի մուլտֆիլմերի սաունդթրեքները և մեծ էկրանի վրա ցուցադրվեցին հատվածներ այդ մուլտֆիլմերից:ՀՊԵՆ-ի նոր համերգային ծրագրի մեկնարկը տրվեց մայիսի 30-ին: Նոր համերգային ծրագիրն արդեն սիրված «Հոլիվուդ Non-Stop» համերգաշարի շարունակությունն էր: «Հոլիվուդ Non-Stop»-ը
հանդիսատեսի կողմից սիրված և սպասված ծրագիր է, որը մեկնարկել է 2012 թվականին և ներկայացվել երևանյան 8 բուհերում, որտեղ ավելի քան 6000 ուսանող ունկնդրել են հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։
2013 թվականին «Հոլիվուդ Non-Stop»-ը ներկայացվել է նաև հանրապետության մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։ Այս քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները՝ բարձր գնահատելով ինչպես հոլիվուդյան ֆիլմերի մեղեդիների կատարումները, այնպես էլ դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությունը։