Բրիտանական Black Sabbath նշանավոր երաժշտական խումբը նոր ալբոմ է ձայնագրելու, որը նրա համար կդառնա վերջինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Metal Hammer հանդեսին հայտնել է խմբի վոկալիստ Օզզի Օսբոռնը:   

 

Հրատարակությունը նշում է, որ նոր սկավառակի պրոդյուսերությամբ կզբաղվի Ռիք Ռուբինը, որի հետ ձայնագրվել էր նախորդ ռելիզը՝ «13»-ը:

 

«Մենք պատրաստվում ենք ձայնագրել ևս մեկ ալբոմ և կատարել վերջին շրջագայությունը»,-նշել է Օսբոռնը՝ չճշտելով  հնարավոր այն երկրները, ուր խումբը պատրաստվում է այցելել:

 

«Այն բանից հետո, երբ մենք տվեցինք նախորդ շրջագայության վերջին համերգը, սկսեցինք քննարկել այդ գաղափարը (ալբոմի ձայնագրությունը), քանի որ մեզ շարունակ այդ մասին հարցնում էին»,- հավելել է երաժիշտը: Օզզիի խոսքով՝ ձայնագրող ընկերությունը նույնպես հայտնել է, որ ցանկանում է խմբի ևս մեկ ալբոմ թողարկել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: