«Գեյշա»՝ այսպես է կոչվում Սամսոն Մովսեսյանի բեմադրած ներկայացումը, որի պրեմիերան տեղի ունեցավ օրերս Դերասանի տանը: Ճապոնացի գրող Սեյ Սենագոնի «Նամակներ բարձի տակ» ստեղծագործությունը Հայաստանում առաջին անգամ է բեմադրվել: Ներկայացման դերասանական կազմում են Տաթևիկ Գրիգորյանը և Վարդան Գևորգյանը, պարերը Ռյու Կանոյինն են:
«Բեմադրության հիմքում ճապոնացի միջնադարյան գրող, պալատական գեյշան է: Գեյշաներն առանձնահատուկ շնորհներով էին օժտված, ունեին այն ամենն, ինչով կարող էին հրապուրել ու հաճույք պարգևել պալատական տղամարդկանց, բայց իրավունք չունեին նրանց սիրելու: Սեյնագունի ինքնակենսագրական հուշերի բեմականացումը ուղերձ է մեր ժամանակների կնոջը, որն ազատ է իր ընտրության, սիրելու, սիրվելու, երջանիկ լինելու համար: Պետք է կարողանալ գնահատել ապրելու ազատությունը», - Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց ներկայացման գլխավոր դերակատար Տաթևիկ Գրիգորյանը:
Հարցին, թե երբ նորից բեմում կլինի ներկայացումը, ո’ր թատրոնում, և ինչու է բեմադրելու համար ընտրել հենց այս ստեղծագործությունը, ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը պատասխանեց.
«Հաջորդ ներկայացումը կլինի նոյեմբերին՝ ամենայն հավանականությամբ` Փոքր թատրոնում: Ներկայացումից բացի` նոյեմբերին կկազմակերպվի նաև ցուցադրական թեյախմության արարողություն: Իսկ ներկայացման նպատակն է մեր հանդիսատեսին ներկայացնել արևելքի ամենախորհրդավոր երկրներից մեկի՝ Ճապոնիայի մշակույթի ու մտածողության որոշ առանձնահատկություններ, գեղեցիկի ու աշխարհընկալման նրանց ձևը: Մենք չենք խաղում ճապոնացի ու չենք էլ կարող: Մենք ներկայացնում ենք ճապոնական մշակույթի մեր ընկալումը: Գործը հետաքրքրեց նրանով, որ այնտեղ խոսվում է առօրյա երևույթների մասին, բայց բոլորովին այլ տեսանկյունից:
Խոսվում է ամենահասարակ և պարզ, մեզ շրջապատող իրերից մինչև միջանձնային հարաբերություններ: Ներկայացումը կառուցված է կաբուկի թատրոնի ներկայացումների որոշ սկզբունքներով: Ամենակարևոր կետն եմ համարում ներկայացման մեջ հնչող վերջին ֆրազը. «Վառվում են պալատի լույսերը, արհեստական կրակների լույսը, սակայն չի ջերմացնում մարդու հոգին. ահա թե ինչն է տխրեցնում»: Ու իրոք, հիմա օրվա այս ռիթմի, համացանցի և մնացած կապի միջոցների դարաշրջանում, որ թվում է թե իրար մոտ ենք բոլորս, ամեն դեպքում չկա ջերմությունը: Հենց այդ ջերմությունը պահելու ու դրա կորստի մասին է խոսում Սենագոնը»,- եզրափակեց ռեժիսորը:
Ներկայացմանը աջակցել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը: