Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2014-2015 թթ. համերգաշրջանի սկիզբն ազդարարվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկով: Երաժշտական տոնը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին: Այն այս տարի ևս իր շուրջ կհամախմբի բազմաթիվ անվանի և տաղանադավոր մենակատարների: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվող փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 4-ը: Այն կներառի 16 համերգային երեկո:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍերգեյՍմբատյանը փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ օրը չափազանց կարևոր է նվագախմբի համար:
«Այս տարվա փառատոնը մեկնարկում է յուրահատուկ և փորձարարական համերգով: Սեպտեմբերի 16-ին Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա հանրահայտ դիջեյ Սվիչը: Հանդիսատեսին կներկայացվի Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը, ինչպես նաև Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի եւ նվագախմբի կոնցերտը: Ստեղծագործություններն առաջին անգամ են հնչելու Հայաստանում: Որոշեցինք այս ծրագիրը ներկայացնել որպես մեր համերգաշրջանի բացում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սերգեյ Սմբատյանը:
Սմբատյանի խոսքով՝ դիջեյ և նվագախումբ համադրությունն արդեն իսկ հնչել է եվրոպայում, և մեծ հաջողություն է ունեցել: «Վստահ եմ, որ կհավանեք այն: Հետաքրքիր ֆորմատ ենք ընտրել համերգների անցկացման համար: Կունենանք պրեմիերաներ, փայլուն և ճանաչված մենակատարներ՝ տարբեր երկրներից»,-հավելեց Սմբատյանը: Բացման համերգը կնվիրի Երևանի պետական համալսարանի 95-ամյակին:
Երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ իրականություն է դառնում նվագախմբի ևս մեկ նախաձեռնություն: Այսուհետև դասական երաժշտության երկրպագուները հնարավորություն կունենան հետևել Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում ներկայացվող բոլոր համերգներին՝ անկախ գտնվելու վայրից. պարտադիր պայման է միայն ինտերնետի հասանելիությունը: Սկսած սեպտեմբերի 16-ից յուրաքանչյուր համերգ հնարավոր կլինի դիտել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնակ ան՝ www.syoa.tv կայքէջերում:
Նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ տեխնոլոգիան սկսելու է ծառայել մշակույթին: «Մեր նպատակն է, որ ցանկացողը կարողանա հետևել նվագախմբի ելույթներին»,-նշեց նա:
Փառատոնի ընթացքում նվագախումբը կհյուրընկալի այնպիսի ճանաչված երաժիշտների, ինչպիսիք են՝ ջութակահարներ Աննա Տիֆուն (Իտալիա), Նին Ֆենը (Չինաստան), Մոնե Հաթթորին (Ճապոնիա), աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնը (Գերմանիա), դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին (Իտալիա-Ուկրաինա), թավջութակահար Ֆիլիպ Հայըմը (Միացյալ Թագավորություն), հանրահայտ մեցցո-սոպրանո Մարիա Դոմաշենկոն (Ռուսաստան), դիրիժորներ Էդեր Պաոլոզին (Բրազիլիա) և Ֆու Տոնգ Վոնգը (Չինաստան), ինչպես նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, «Երևան» պետ ական փողային նվագախումբը, Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն:
Փառատոնի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը կշարունակեն արդեն ավանդական դարձած համերգները, որոնց ընթացքում կհնչեն արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնը վարպետության դասեր կանցկացնի հայ երիտասարդ ջութակահարների հետ, սեպտեմբերի 30-ին՝ հանդես կգա դաշնակահար Վահագն Պապյանի հետ, իսկ հոկտեմբերի 1-ին՝ մենահամերգով:
Հոկ տեմբերի 2-ին ելույթ կունենան Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիրներ Լուկա Մագարելլոն (թավջութակ, Իտալիա), Լիա Յակուպովան (ջութակ, Ռուսաստան), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր, Հայաստան), Պենգ Ցաոն (դաշնամուր, Չինաստան):
Փառատոնի ծրագրում կհնչեն Չայկովսկու, Շոստակովիչի, Խաչատրյանի, Բրիտտենի, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Դեբյուսիի ստեղծագործությունները, ինչպես նաև Դանիայի ազգային օրհներգի թեմաներով Չայկովսկու «Տոնական նախերգանքի» և աշխարհահռչակ չինացի կոմպոզիտոր Ֆու Տոնգ Վոնգի հեղինակած սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերաները:
Առանձին համերգային ծրագրեր կնվիրվեն Վլադիլեն Բալյանի 90, Գեղունի Չթչյանի 85, Ավետ Գաբրիելյանի 115, Սոս Սարգսյանի 85, Գևորգ Վարդանյանի 90, Մկրտիչ Դաշտոյանի 100, Վլադիմիր Սպիվակովի 70, Արշիլ Գորկու 110, Երվանդ Քոչարի 115, Վազգեն Սարգսյանի 55, Յուրի Դավթյանի 85, Ռիմսկի-Կորսակովի 170, Գալուստ Գյուլբենկյանի 145, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հիմնադրման 90, Երևանի պետական համալսարանի 95, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության» 70-ամյակներին:
Դեկտեմբերի 4-ին փառատոնը կեզրափակվի Ա. Խաչ ատրյանի Ջութակի կոնցերտով նվագախմբի և ջութակահար Մայու Քիշիմանի (Ճապոնիա) կատարմամբ, 2-րդ բաժնում՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և Մարիա Դոմաշենկոյի (մեցցո-սոպրանո, Ռուսաստան) մասնակցությամբ:
Փառատոնի հանդիսավոր բացման և փակման արարողությունները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: