Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթում կներկայացնի Բեթթին իր «People of the sun» երգով: Մրցույթում մեր երկիրը ներկայացնող պատվիրակի անունը պարզ դարձավ Առաջին ալիքի ուղիղ եթերում րոպեներ առաջ մեկնարկած հայաստանյան ընտրական փուլի արդյունքում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել էր մասնակցության 87 հայտ` Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, Արցախից: Հայաստանյան նախընտրական փուլը հաղթահարել են 10 մասնակիցներ:

 

Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար պայքարեցին Նարեկ Վարդանյանը «Աշուն», Մերի Քոչարյանը «Չի կարելի», Էլինան և Արմանը «Galaxy», Կարեն Օհանյանը և Միկան «Shine out», Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) «People of the sun», Միկան «Մանկության խորհուրդ», Mery M-ն «#Peace», Յունան «Walk around», Srbuhi feat. DDJ-ը «Զուռնա» և Սյուզի Հարությունյանը «I dream» երգերով:

 

Հաղթողն ընտրվեց հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում' 50/50 հարաբերակցությամբ: SMS քվեարկության և զանգերի ամբողջ հասույթը կտրամադրվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

 

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները և Ուկրաինան:

 

Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում: Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար' ստեղծելով մեկ գաղափար' միասնություն: Գույները խորհրդանշում են Մալթայի բնությունը' ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը: