Թուրքիայում ցուցադրությունից հանվել է գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի նկարահանած, Հայոց ցեղասպանության մասին պատմող "The Cut"  ֆիլմը: Այն նախատեսված էր Թուրքիայում առաջին անգամ ցուցադրել աշնանն անցկացվելիք Ստամբուլի "Filmekimi" կինոշաբաթի շրջանակում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24 լրատվական կայքը, Filmekimi-ի ղեկավարությունը հայտնել է, որ այն ցուցադրությունից հանվել է «արտասահմանյան ցուցադրողների» պահանջով, իսկ Թուրքիայում ֆիլմի ցուցադրման կազմակերպիչ "Anka film" ընկերությունն էլ հայտնել է, որ ֆիլմացանկից "The Cut"-ի հանվելու պատճառը դրա ցուցադրությունը թուրքական կինոթատրոններում «մինչև դեկտեմբեր հետաձգելն է»:

 

Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամը (IKSV) այդ առնչությամբ հայտնել է, որ կինոշաբաթի ֆիլմացանկից "The Cut"-ի դուրս մնալը քաղաքական դրդապատճառներ չունի, և որ այն կապված է «արտասահմանում ֆիլմը տարածող ընկերությունների կողմից մշակված ռազմավարության հետ»:

 

Ֆաթիհ Աքընի "The Cut" ֆիլմը Հայոց ցեղասպանության տարիներին Մարդինում ընտանիքը կորցրած հայի մասին է:

 

"The Cut" ֆիլմը օգոստոսի 21-ին ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում: Ֆիլմի հեղինակ Աքընն այն ժամանակ հայտարարել էր, որ ֆիլմը 2014 թվականի սեպտեմբերի 17-ին ներկայացվելու է Ստամբուլի "Filmekimi" կինոշաբաթվա շրջանակում: