Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում կնշվի մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի 90-ամյակը: Սեպտեմբերի 15-ին «Անուշ» օպերայի ներկայացմանը կնախորդի Գասպարյանին նվիրված լուսանկարների ցուցադրությունը: Թատրոնի նախասրահում  կցուցադրվեն նաև արտիստուհու բեմական զգեստները: 


Օպերային երգչուհի, սոպրանո Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին, Կահիրեում: Եղել է օպերային երգիչ Տիգրան Լևոնյանի կինը: 1940թ-ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948թ. տեղափոխվել է Երևան: 1949թ-ից եղել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի: Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում: Նրա երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն:

 

1964թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը` օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը: Նրան անվանել են «հայկական սոխակ»: Մահացել է Երևանում: