Բրիտանացի գիտնականները բացահայտել են փոխադարձ կապը մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների և մարդկության կողմից մսի ու կաթնամթերքի սպառման միջև, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Քեմբրիջի և Աբերդինի համալսարանների հետազոտողները կանխատեսում են, որ մինչև 2050 թվականը սննդամթերքի արտադրության արդյունքում ջերմոցային գազերի արտանետումները կաճեն 80 տոկոսով, իսկ դա նշանակում է, որ անհնարին կլինի հասնել մթնոլորտում հայտնվող ածխածնային գազի ծավալի նվազեցման առաջադրված պարամետրերին:
Գիտնականների կարծիքով՝ այդ միտումը կարելի է կանխել, եթե զարգացող երկրներում բարելավվի գյուղատնտեսական արտադրությունը, ավելի քիչ մթերքներ դեն նետվեն, իսկ մարդիկ, ընդհանուր առմամբ, սկսեն ավելի քիչ միս ուտել:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Climate Change հանդեսում:
Մինչդեռ ամերիկացի գիտնականների՝ վերջերս կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ գլոբալ տաքացման գործընթացում «դադարը», որն սկսվել է 1998 թվականին, կշարունակվի եւս առնվազն տասը տարի: