«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ օգոստոսի 4-ից 18-ը պեղման և ուսումնասիրման աշխատանքներ են իրականացվել Մարտունու շրջանի Ամարասի Սուրբ Գրիգորիսի մատուռ-դամբարանի շրջակայքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական վիջավայրի պահպանության վարչությունից, հնագիտական հետազոտության ընթացքում արդեն մեկ ու կես մետր խորությունից երևան են եկել սրբատաշ մեծ բլոկներով շարված երկու զուգահեռ պատեր, որոնք ամբողջովին համապատասխանում են ներկայիս եկեղեցու բեմի տակ գտնվող դամբարանի արևելյան միջանցքի պատերի շարունակությանը:
Պարզվեց, որ եկեղեցու արևելյան պատից դուրս դամբարանի ծավալային լուծումը միանշանակ ցուցող լուրջ հետքեր են պահպանվել, որոնք վկայում են, որ դամբարանն ունեցել է աստիճանապատ արևելյան մուտք, իսկ մուտքի ճակատների հիմքին հավասար դրված ուղղանկյուն փորվածքներից դատելով՝ նաև շքամուտք: Պեղումները մի շարք էական արդյունքներ են տվել. այն է` մակերեսից 3 մ խորության վրա պատերը շրջանցող գետնախարսխի հայտնաբերումը, ինչը հնարավոր դարձրեց հավաստել, որ դամբարանը եղել է ոչ թե ստորգետնյա, այլ կիսագետնափոր: Պեղումներով հայտնաբերված հարյուրից ավելի վաղմիջնադարյան կղմինդրի բեկորները վկայում են, որ կառույցի տանիքը եղել է կղմինդրապատ:
Հաջորդ էական գյուտը դեպի դամաբանախուց տանող աստիճանների հայտնաբերումն է՝ թվով վեց հատ, որը հիմք է տալիս պնդելու, որ ստորին աստիճանը համապատասխանում է կառույցի հատակի մակարդակին: Կարևոր հայտնագործություններից է արևելյան մուտքի առաջ ընդարձակ սալահատակը: Հարկ է նկատել, որ վաղ միջնադարյան նույնիսկ ամենամեծ տաճարները շքամուտքերի առաջ նման սալահատակներ չունեն: Արևելյան նման ընդգծված միջանցքն ու մուտքը, սալահատակը հիմք են տալիս ենթադրել, որ Գրիգորիսի դամբարանից դեպիի արևելք եղել է մեկ այլ, թերևս շատ ավելի կարևոր կառույց, որն էլ պայմանավորել է կառույցի արևելյան ձգված միջանցքը, մուտքը և սալահատակը:
Պեղումները ցույց են տվել, որ եկեղեցու արևելյան պատին կից մոտ 3,3մ հատվածը մի անգամ չէ, որ փորփրվել է, իսկ դրանից դեպի արևելք 3 մետր լայնությամբ հատվածը պահպանել է մշակութային շերտերի համեմատաբար անխաթար վիճակը: Այն կարելի է բաժանել չորս ժամանակագրական շերտերիի՝ ժամանակակից, 17-19-րդ դարերի, 10-14-րդ դարերի և վաղմիջնադարայն, որոնք բնորոշվում են համապատասխան գտածոներով և հողի որակի փոփոխություններով: Առանձնակի նշելի են 17-18-րդ դարերի գունազարդ և փայլանախշ խեցեղենը, կավե ծխամորճերի բեկորները, 18-19-րդ դարի ապակին, 10-11-րդ դարերի ջնարակապատ խեցեղենի բեկորների գյուտերը: