Դերասանուհի Աննա Հարությունյանը վայելում է ամռան վերջին օրերը, իսկ սեպտեմբերին «Գոյ» թատրոնում կազդարարվի նոր թատերաշրջանի բացումը, և դերասանուհին կներկայանա ինչպես խաղացանկային, այնպես էլ՝ նոր ներկայացումներով :)
«Սեպտեմբերին կսկսենք նոր նորկայացման փորձերը արդեն վերանորոգված «Գոյ» թատրոնում: Կարծում եմ՝ նոյեմբերին կներկայանանք պրեմիերայով»,- ասաց նա, սակայն չցանկացավ բացահայտել, թե ինչ ներկայացման առաջնախաղի մասին է խոսքը՝ նախընտրելով այդ մասին խոսել, երբ ամեն բան հստականա:
«Բացի այդ, թատերային մի համարձակ աշխատանքի մասին եմ մտմտում. նոր ներկայացում է՝ բավականին բարդ թատերային կերպարով, սակայն այս մասին էլ եմ նախընտրում խոսել այն ժամանակ, երբ ամեն ինչ առավել հստակ կլինի»,- նշեց Աննան:
Թեև այս փուլում դերասանուհին հեռուստադիտողների աչքի առաջ չէ, անգործ չի մնում:) «Տեսակով անհանգիստ եմ. գրեթե ամեն օր նոր մտահաղացում եմ ունենում թե՛ թատրոնի, թե՛ կրթության հետ կապված: Որևէ երաժշտական գործիքի տիրապետելու մեծ ցանկություն ունեմ: Եթե զբաղվածություն չունենամ, սեպտենբերին կհաճախեմ կիթառի դասընթացների»,- ասաց Աննան, ով այս փուլում չի նախատեսում ներկայանալ նոր հեռուստանախագծի շրջանակներում, թեև ունի այդպիսի ցանկություն:
«Վերջերս հետաքրքիր առաջարկ ունեցա՝ բավականին անհետաքրքիր պայմաններով և ստիպված եղա հրաժարվել: Չնայած դրան՝ կրկին նկարահանվելու և հանդիսատեսի հետ հեռուստատեսության միջոցով կապի լինելու մեծ ցանկություն ունեմ, հատկապես, որ այս կարճատև աքսորի հետևանքով էմոցիաների գերկուտակում ունեմ»,- հայտնեց նա, սակայն չցանկացավ մանրամասնել, թե խոսքն ինչ առաջարկի մասին է, իսկ «անհետաքրիր պայմանները» մասնավորապես ինչին են վերաբերում:
Աննայից հետաքրքրվեցինք՝ արդյոք հեռուստատեսային դադարը ֆինանսական խնդիրների պատճառ չի դառնում՝ հաշվի առնելով, որ թատրոնում աշխատավարձերը բավականին ցածր են և դերասանների եկամուտի հիմնական աղբյուրը հեռուստասերիալներն են. «Ինչպես հայտնի է, ես ունեմ իմ փոքրիկ բիզնեսը, հիմնական եկամուտս այդտեղից է: Երբեք չեմ նկարահանվել հանուն գումարի: Հուսով եմ՝ ապագայում էլ այդպես կլինի: Մի էսպիսի խոսք կա. հանուն փողի մարդիկ վատնում են իրենց առողջությունը, հետո աշխատածը վատնում են առողջությունը վերականգնելու համար... ես գերադասում եմ միշտ առողջ լինել:)»:
Առաջիկայում Աննան կմեկնի հանգստի, իսկ ամառային օրերը հիմնականում Հայաստանում է անցկացրել: «Շարունակում եմ վայելել սիրելի ամառը Մոսկվայից ժամանած ընկերուհուս հետ`այցելելով Հայաստանի մշակութային և պատմական վայրեր,- ասաց դերասանուհին՝ նշելով, որ իր ամենասիրելի վայրը Գեղարդն է,- Ասեղնագործություն քարի վրա. ահա այսպես կբնորոշեմ հիացմունքս»:
Վերջերս էլ Աննան էր մեկնել Մոսկվա՝ ընկերուհու մոտ, ում այժմ էլ ինքն է հյուրընկալել:) «Եղա մի շարք թանգարաններում, դիտեցի ներկայացումներ ու խելագարվեցի:)»,- ասաց նա ու հավելեց, որ հատկապես խենթացնող էր «Կամելիազարդ տիկինը» երաժշտական ներկայացումը:) Ի դեպ, Մարգարիտ Գոտյեի կերպարն Աննայի երազանքի դերն է:)
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը