ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ասմունքի երեկո՝ նվիրված Սիամանթոյի ծննդյան օրվան: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից միջոցառման մասնակիցներին ողջունել է նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ջերմորեն ողջունում եմ ձեզ Հայրենիքում: Կարևորում եմ ձեր մասնակցությունն այս միջոցառմանը: Առաջին անգամ «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում կազմակերպվում է նաև ասմունքի օր, որը նվիրել ենք իր տեսակով եզակիորեն անկրկնելի Սիամանթոյին: Հուսանք, որ ավանդույթի վերածվող այս օրը հետագայում մենք կդիմավորենք լեփ-լեցուն դահլիճներում:
«Իմ Հայաստան» փառատոնը սոսկ մշակութային իրադարձություն չէ, այն նաև հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու վառ արտահայտություն է: Մշակույթն է համահայկական միասնության հզոր երաշխիքը, որը համաշխարհայնացման այս դարում էական դերակատարություն է ստանձնում՝ կամրջելով ազգի արմատները, անցյալը, ներկան և ապագան: Բարի երթ ձեզ»:
Միջոցառմանը ելույթ են ունեցել Հրանուշ Սարոյանը Ուկրաինայից, Լևոն Չիդիլյանը Վրաստանից, Մարիամ Թովմասյանը Կանադայից, Տիրանուհի Մարգարյան-Կարապետյանը Սիրիայից, Փյունիկ Քեշիշյանը Իրանից, և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները:
Երեկոյի ավարտին «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Հարոյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և նրանց մասնակցության համար հանձնել շնորհակալագրեր: