Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և քանդակագործ, արձանի հեղինակ Յուրի Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ, վերականգնվել է Հովհաննես Այվազովսկու արձանից գողացված վրձինը։ Հեղինակը վրձնի հատվածների կրկնօրինակը պատրաստել ու տրամադրել է անվճար։

 

Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը շնորհակալություն է հայտնել Յուրի Պետրոսյանին՝ քաղաքապետի նախաձեռնությանն արագ արձագանքելու համար և հույս է հայտնել, որ երևանցիներն այսուհետ առավել աչալուրջ կլինեն վանդալիզմի նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ:

 

Հովհաննես Այվազովսկու արձանը ևս «Անվտանգ Երևան» ծրագրով «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տեղադրված տեսախցիկների տեսադաշտում է` հնարավոր արկածախնդրությունները կանխելու նպատակով: