Բուն հայոց տոմարի համաձայն՝ հայ ազգը թևակոխել է 4506 թվական: Ազատության հրապարակում «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը և «Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունն այդ առթիվ անցկացրին նավասարդյան տոնակատարություններ: Հրապարակում տիրում էր տոնական մթնոլորտ. «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը ներկայացնում էր բազմաթիվ պարային համարներ:
«Այսօր Նավասարդի մեկն է՝ օգոստոսի 11-ը, և մենք Հայկի հաղթանակին նվիրված տոնակատարություն ենք կազմակերպում: 1,5 ժամ կպարենք: Ոչ միայն պրոֆեսիոնալ պարողներն են հանդես գալիս, այլև բոլոր ցանկացողները: Շնորհավորում ենք բոլորիս տոնը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց «Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Հունանյան:
«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ու ամբողջ համույթը երեկոյի ընթացքում կրեցին հայկական ավանդական տարազ: «Այսօր Հայկի և Բելի ճակատամարտի օրն է: Այն տեղի է ունեցել Վասպուրական աշխարհում, այդ պատճառով էլ մենք այսօր ներկայանում ենք տվյալ տարածաշրջանին բնորոշ տարազով: Հայկի և Բելի ճակատամարտի օրը Հայկը հայկյան տոհմի համար ընտրեց անկախության ճանապարհը և մեր ազգին ազատեց Բելի լծից»,- ընդգծեց Գագիկ Գինոսյանը:
Նա ափսոսանքով նշեց, որ հայերը բավականին քիչ են տեղեկացված այս տոնի մասին: «Սա բոլորիս բացթողումն է, հետագայում նմանատիպ միջոցառումները պետք է ավելի մեծ մասշտաբի դառնան»,- հավելեց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարը:
Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն էր։ Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է Նոր տարի:Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Հին հայերի համար Նավասարդի 1-ը(օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն։ Նավասարդյան օրերը հայերը տանում էին առանձին շուքով:
Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ։ Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծշուքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և
ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում
Նավասարդը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալիքով, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։