Կյանքի 88-րդ տարում օգոստոսի 10-ին վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեն (Մետաքսե Պողոսյան): Մետաքսեի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղմ ան կառավարական հանձնաժողով:
Բանաստեղծ, արձակագիր Մետաքսե Պողոսյանը ծնվել է 1926թ. դեկտեմբեր 23-ին, Արթիկի շրջանի Արևշատ գյուղում: Մանուկ հասակից զրկվել է ծնողներից, մեծացել է Գյումրու մանկատանը: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական, այնուհետև՝ ԽՍՀՄ Գրողների միությանը կից Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտները:
Երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ է ` «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է», «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր», «Երբ ես գալու, Տեր» և այլն: 1995թ. հրատարակել է «Շամիրամ» պոեմը: Մանկական գրքերից են` «Մաքրասեր Լիլիթը», «Լիլիթը և բադիկները», «Աչիկի և Վաչիկի զրույցը», «Ճստիկը» գրքերը: Մոսկվայում հրատարակվել է ռուսերեն «Ճակատագիր», «Կյանքի գրկում», «Հազար ու մի սեր» գրքերը: 1963թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է: 1989-91թթ եղել է Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահը, 1992-95թթ` արցախյան պատերազմում զինվորների աջակցության հանձնաժողովի նախագահը: 2002թ. գրել է «Հովհաննես Շիրազը իմ հուշերում», 2004թ.` «Պարույր Սևակը իմ կյանքում» հուշագրությունները:
Թարգմանել է ռուս բանաստեղծ Ախմադուլինայի «Բանաստեղծություններ», սլովակ Միրոսլավ Վալեկի «Հեռավոր հանդիպում», ռումին դասական Թուդոր Արգեզիի «Խորհրդավոր սաղմոս» բանաստեղծական գրքերը և մակեդոնացի Սլավկա Մանևայի «Ջիջի» մանկական պատմվածքների գիրքը: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Մասնակցել է միջազգային պոեզիայի փառատոների:
1985թ. ԽՍՀՄ Գրողների պատվիրակության կազմում եղել է Իտալիայում և Սիրակուզա քաղաքի «Լացող Տիրամայր» հյուրանոցում, որտեղ արժանացել է Աստծո տեսիլքին, որը ներշնչել է բանաստեղծին Հայաստան վերադառնալուց հետո գրելու «Ամենափրկիչ», «Հովհաննես Մկրտիչ» և «Աստծո տեսիլք» պոեմները, որոնք առանձին գրքերով հրատարակվել են հայերեն և անգլերեն լեզուներով: 2003թ. այդ պոեմներն ուղարկել է Վատիկան` Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին` պատմելով Սիրակուզայի տեսիլքը:
Պատասխան նամակում Հռոմի Պապը գրել է, որ իր աղ ոթքների մեջ հիշելու է բանաստեղծի անունը և «Աստծո օրհնանքները շռայլորեն ցողում է նրա վրա»: 1998թ. արժանացել է ՀՀ ՊՆ ոսկե և «Զորավար Անդրանիկ» մեդալների, 2004թ.` ոսկե մեդալի` Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար: 2008թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: