«Թուրք թուրանականների կազմակերպության»-ը պատկանող «Օթուքեն» հանդեսը բացահայտ սպառնալիքներ է տեղացել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրության եւ Հայոց ցեղասպանության մասին «Հատում» (The Cut) ֆիլմի ազգությամբ թուրք` գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի հասցեին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմեպրես»-ը, հայտնում է «Ակոս» թերթը` նշելով, որ թերթի եւ Աքընի հասցեին բացահայտ սպառնալիքների մասին հանդեսը գրառել է twitter-ի իր էջում:
«Հատում» ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եւ երկու դստրերին որոնող մի մարդու պատմությունը: Ֆիլմի մասին առաջին հարցազրույցը թուրք ռեժիսորը տվել է «Ակոս»-ին եւ հայտնել, որ, իր կարծիքով, թուրքական հասարակությունն արդեն պատրաստ է Հայոց ցեղասպանության մասին պատմող այդ ֆիլմին, եւ հուսով է, որ այն կցուցադրվի Թուրքիայում:
Այդ հարցազրույցի հետ կապված «Օթուքեն» հանդեսը Twitter-ում սպառնալից ուղերձ է հրապարակել եւ հայտարարել, որ «այդ ֆիլմը Թուրքիայի ոչ մի կինոթատրոնում չի ցուցադրվելու»: «Մեր սպիտակ բերետավորները Ադրբեջանի դրոշով մեր պլաներիստների հետ հետեւում են զարգացումներին: 2015 թվականի շեմին այդ ֆիլմի ցուցադրությունը Հայոց ցեղասպանությունը Թուրքիային ընդունել տալու ծրագրված սցենարի առաջին քայլն է: Մենք բաց կերպով սպառնում ենք «Ակոս» թերթին, հայ ֆաշիստներին եւ կեղծ գիտնականներին: Մենք մարտահրավեր ենք նետում», -Twitter-ում գրառել է թուրք-ադրբեջանական ազգայնականներին պատկանող հանդեսը:
«Ակոս»-ը հայտնում է, որ «Օթուքեն»-ի սպառնալիքներին աջակցություն հայտնող հայտարարությամբ հանդես է եկել նաեւ «Դոքուզ Թուղ» («Ինը սուլթան» կամ «Ինը բունչուկ» - հեթմանների կամ փաշաների մական, բարձրագույն փաշայի եռակի խորհրդանիշ) հանդեսը եւս:
«Որպես «Դոքուզ Թուղ» կանգնած ենք «Ակոս» թերթին եւ «The Cut» ֆիլիմին սպառնած թուրք-թուրանականների կողքին: Պատրաստ ենք», -ասվում է հայտարարության մեջ:
Թուրք ռեժիսորի «Հատում» ֆիլմը ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնին: Ծագումով թուրք գերմանական ռեժիսոր, սցենարիստ եւ բեմադրիչ Ֆաթիհ Աքընն արժանացել է «Դուգլաս Սիրկ» պարգեւին, որը նրան պետք է հանձնվի Գերմանիայում սեպտեմբերի 27-ին տեղի ունենալիք «Հատում» ֆիլմի պրեմիերայի շրջանակում: