ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը գիրք է գրել իր հոր՝ ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մասին, որի 90 տարին լրացել է հունիսին, տեղեկացնում է «Արմենպրես»՝ հղում անելով The Crown Publishing Group նյույորքյան հրատարակչությանը:

 

«Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը հիանալի պետական գործիչ է ու հայր: Ես հսկայական բավականություն ստացա՝ նկարագրելով նրա կյանքի պատմությունը: Հուսով եմ՝ մյուսներին դուր կգա այն ընթերցելը»,- հրատարակչությունը մեջբերել է 68-ամյա Բուշ կրտսերի խոսքը:

 

ԱՄՆ-ի 43-րդ նախագահը պատմում է, մասնավորապես, այն հսկայական ազդեցության մասին, որը ամբողջ կյանքի ընթացքում իր վրա ունեցել է հայրը:

 

Գիրքը, որի անվանումն առայժմ չի բացահայտվում, վա՝առքի կհանվի 2014 թվականի նոյեմբերի 11-ին:

 

Հրատարակչությունում հիշեցրել են, որ Բուշ-կրտսերն ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահի երկրորդ որդին է, որը նույնպես զբաղեցրել է պետության բարձրագույն պաշտոնը: Առաջին նման նախադեպը տեղ է գտել ԱՄՆ-ի պատմության արշալույսին. ԱՄՆ-ի երկրորդ եւ վեցերորդ նախագահներ են եղել նույնպես հայր եւ որդի՝ Ջոն եւ Ջոն Քուինսի Ադամսները:

 

300 էջանոց գրքի առաջին տպաքանակը կկազմի մեկ միլիոն օրինակ: Բուշ-կրտսերը, որը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2001-2009 թվականներին, մտադրվել է իր հոր մասին գիրք գրել տակավին 2010 թվականին, իսկ դրա աշխատանքին ձեռնամուխ է եղել երկու տարի անց: Հեղինակային հոնորարի չափը, որը կստանա ԱՄՆ-ի 43-րդ նախագահը, չի բացահայտվում:

 

2010 թվականին Crown Publishers-ը հրատարակել է Բուշ-կրտսերի «Հանգուցային որոշումներ» վերտառությամբ հուշագրությունը, որը բեսթսելեր է դարձել:

 

Ջորջ Բուշ-ավագը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1989-ից մինչեւ 1993 թվականը: 2012 թվականի վերջին նա գրեթե երկու ամիս հիվանդանոցում է անցկացրել բրոնխիտից հետո բարդացումների պատճառով: Նա տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ եւ հարկադրված է տեղաշարժվել հաշմանդամի սայլակով, մինչդեռ, ինչպես հայտնի է, նա իր ծննդյան 75-րդ, 80-րդ, 85-րդ եւ 90-րդ տարեդարձերը նշել է՝ թռիչքներ կատարելով պարաշյուտով: