«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը Ռիգայում մասնակցել է «Նոր ալիք»-ի լողափնյա ֆուտբոլի ավանդական մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով tvnet.lv կայքը, առաջին անգամ մրցույթի անցկացման պատմության ընթացքում աստղերի և մրցույթի մասնակիցների միջև անցկացվող լողափնյա ֆուտբոլի ավանդական մրցաշարը տեղի է ունեցել ոչ  թե Յուրմալայում, այլ Ռիգայի Կիպսալե լողափին:

 

Մրցաշարի ընթացքում պայքարել է երկու թիմ: Առաջինի կազմում եղել են «Նոր ալիք»-ի մասնակցիները, մյուսում՝ աստղային թիմում, հանդես են եկել Վլադիմիր Վինոկուրը, Արկադի Ուկուպնիկը, Իգոր Եֆրեմովը, Մաքսիմ Վիտորգանը և այլք: Խաղին մասնակցել է նաև Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը, ով ողջունել է մասնակիցներին և իր ուրախությունն է հայտնել, որ խաղն անցկացվում է Ռիգայում:

 

«Նոր ալիք» մրցույթը Յուրմալայում այս տարի անցկացվում է հուլիսի 22-27-ը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի ցուցադրվում են օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն են ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին:


Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում: