Բուլղարական Next Page հիմնադրամի ղեկավարությամբ իրականացված «Գրքի հարթակ» նախագիծը եզրափակվեց: Կազմակերպիչներն այնքան էլ գոհ չեն նախաձեռնության արդյունքներից՝ նշելով , որ արդյունքն այդքան էլ ոգևորող չէ: Այնուամենայնիվ, «Գրքի հարթակ»-ը մասնագետների և կապերի փոխանակման համար հարթակ դարձավ մասնակից երկրների, գործընկերների, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչների միջև:


ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը հուլիսի 24-ին նախագծի ավարտին հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ ծրագիրը բացառիկ նշանակություն ուներ մշակույթի նախարարության համար:

 

«Որևէ պետական մարմին առաջին հերթին պետք է հասկանա և վերլուծի ոլորտի խնդիրները, տեսնի դրանց լուծման ուղիները, որից հետո միայն կատարի անհրաժեշտ քայլերը: Այս իմաստով «Գրքի հարթակ»-ի շնորհիվ ստեղծվեց մի միջավայր, որը գործեց 2,5 տարի, և վերհանվեցին դաշտին առնչվող գրեթե բոլոր խնդիրները: Ծրագիրը համախմբեց գրքի ստեղծման գործում ներգրավված բոլոր մասնագետներին՝ հրատարակիչներին, հեղինակներին, խմբագիրներին, գրական գործակալներին, մշակութային լրագրողներին: Խնդիրները վերհանվեցին մասնագիտական մակարդակով»,- «Ար մենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տեր-Վարդանյանը:

 

Մշակույթի փոխանախարարը փաստեց, որ նույն ծրագրի շրջանակում օրեր առաջ Երևան էր ժամանել երկու փորձագետ, ում հետ քննարկվել է գրականության ոլորտում պետական քաղաքականությունը: «Ծրագրի ամենակարևոր կողմն այն էր, որ ներգրավված էին շահագրգիռ բոլոր ՝ պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունները»,-ընդգծեց փոխնախարարը:

 

«Next Page» հիմնադրամի տնօրեն Յանա Գենովան, ամփոփելով ծրագրի արդյունքներն, նկատեց, որ դրանք այնքան էլ գոհացուցիչ չեն: «Գրքերն անհերքելիորեն մշակույթի մաս են, և դրանք հոգևոր արժեքներին և գաղափարներին են վերաբերում: Որպեսզի այդ գաղափարները հասնեն ընթերցողներին, անհրաժեշտ է նաև գործարար աշխարհի մասնակցությունը: Եվրամիությունն Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում ոչ մի մշակութային միջոցառում չֆինանսավորելուց հետո գիտակցեց մշակույթի կարևորությունը»,- փաստեց Յանա Գենովան:

 

«Next Page» հիմնադրամի տնօրենը հավելեց, որ անցկացվել է 10 դասընթաց, փորձի փոխանակման 7 ծրագիր, 12 ուսումնասիրություն և նույնքան հանրային քննարկում, ինչպես նաև 39 հրատարակիչներ երեք երկրներից եղել են Հայաստանում, Ուկրաինայում ու Վրաստանում և սովորել ավելին գրականության և մշակույթի մասին: Բացի այդ, 23 հրատարակիչներ, թարգմանիչներ այցելել են Լոնդոնի, Ֆրանկֆուրտի, Բոլոնիայի և այլ գրքի տոնավաճառներ:

 

«Վստահ ենք, որ այս ակտիվությունը կշարունակվի. ծրագիրը Հայաստանի համար դրական արդյունքներ է առաջացրել»,- նշեց Գենովան:

 

«Գրքի հարթակ» նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակում տարածաշրջանի կայուն զարգացման գործում մշակույթի դերակատարումը, ինչպես նաև ԵՄ արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, մշակութային և ակադեմիական կազմակերպությունների համագործակցությունը խթանելու նպատակով:

 

Հրատարակիչների ազգային ասոցացիան «Գրքի հարթակ» նախագիծը սկսել է իրականացնել 2012թ-ի հունվարից` Ուկրաինայի և Վրաստանի գործընկերների հետ և Բուլղարիայի Next Page հիմնադրամի ընդհանուր ղեկավարությամբ:  «Գրքի հարթակ» ծրագիրն աջակցում է երեք երկրների գրքի ոլորտների զարգացմանը: «Գրքի հարթակն» օգնում է հրատարակիչներին, հեղինակներին, թարգմանիչներին ու նրանց ասոցիացիաներին ձեռք բերելու նոր հմտություններ և պատասխանելու փոփոխվող աշխարհի մարտահրավերներին: