Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում ներկայացնում է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մարիինյան թատրոնի պաշտոնական կայքը, երեք գործողությամբ բալետը հն արավոր է դիտել նաև ուղիղ հեռարձակմամբ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը ղեկավարում է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը: Գայանեի դերում հանդես է գալիս Սյուզաննա Փիրումյանը, Արմենի դերում՝ Սևակ Ավետիսյանը, իսկ Գիքոյի դերը կատարում է Արմեն Գևորգյանը:


«Արմենպրես»-ի հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ավելի վաղ տեղեկացրել էր թատրոնի պետերբուրգյան շրջագայությունների մասին՝ նշելով, որ միջոցառումների տոմսերն ամբողջությամբ սպառվել են:

 

«Մենք շատ կարևոր հյուրախաղեր ունենք, քանի որ այս ամիս պետք է մեկնենք Սանկտ Պետերբուրգ՝ մեզ հետ տանելով մեր ազգային բալետը՝ «Գայանե»-ն: Բոլորս էլ հասկանում ենք, որ պատասխանատվությունը մեծ է, որովհետև Սանկտ Պետերբուրգը բալետի համաշխարհային մայրաքաղաքն է, ամենուժեղ բալետային դպրոցն ունի, և մենք շատ մեծ «քննություն» ենք հանձնելու այնտեղ: Հույս ունեմ, որ շատ բարձր մակարդակով կանցնի»,- նշել էր Արզումանյանը:

 

Մարիինյան թատրոնը Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկն է: Թատրոնը հիմնադրվել է 1738 թվականին` Եկատերինա Մեծ կայսրուհու հրամանով` մի շենքում, որը հետագայում վերափոխվեց Պետերբուրգի կոնսերվատորիայի: Մտել է Ռուսաստանի կայսերական թատրոնների կազմի մեջ:

 

Թե ինչպես է մեր բալետային խումբը ներկայանալու Մարիինյան թատրոնի բեմում, կարող եք հետևել mariinsky.tv կայքում՝ ուղիղ հեռարձակմամբ: