ՊԻԿ մշակութային նախագիծը «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում կներկայացնի Old band էթնիկ խմբի համերգ-ներկայացումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին խմբի մամուլի և հանրության հետ կապերի կենտրոնից, միջոցառումը տեղի կունենա հուլիսի 26-ին, «Երաժշտության կասկադ» ծրագրի շրջանակներում: Համերգին սպասվում են նոր, անակնկալ մշակումներ, ինչպես նաև արդեն իսկ սիրված կատարումներ, որոնց հանդիսատեսը ծանոթ է նախկին համերգներից։


Համերգ-ներկայացման բեմադրող ռեժիսոր Սամվել Թադևոսյանի համոզմամբ՝ այս համերգ-ներկայացումը տարբերվում է իր ձևաչափով՝ այն ավելի մտերմիկ միջավայր է ստեղծելու՝ պայմանավորված համերգի յուրահատկությամբ և նոր մտահղացումներով։

 

Չնայած որ խումբը հանդես է եկել ընդամենը մի քանի ամիս, արդեն իսկ առաջացրել է երաժշտասեր հասարակության հետաքրքրությունը՝ ունենալով երկու համերգային ծրագիր, ինչպես նաև մասնակցել մեկ տասնյակ մշակութային իրադարձությունների՝ հանդես գալով նոր մշակումներով։ Խմբի կատարողները չորսն են՝ Անուշ Հարությունյանը, Լիլիթ Հարությունյանը, Ալեքսանդր Իրադյանը, Արամ Հարությունյանը։

 

«ՊԻԿ նախագծի համար կարևոր է ժամանակ առ ժամանակ հանդիսատեսին ներկայացնել երիտասարդներին, ովքեր հրաշալի տիրապետում են իրենց ներկայացրածի հիմքերին և ժամանակակից միտումներին։ Այս անգամ որոշումը կանգ է առել Old band էթնիկ խմբին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում ներկայացնելու վրա՝ ելնելով խմբի վերոնշյալ և այլ որդեգրած սկբունքներից և ունեցած հաջողություններից»,- նշում է ՊԻԿ նախագծի պրոդյուսեր Անուշ Քոչարյանը։

 

 ՊԻԿ մշակութային նախագիծը հուլիսի 3-ին, Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Թատրոնի աջակցման հիմնադրամի հետ ներկայացրեց կոմպոզիտոր-դիրիժոր Ալ․ Իրադյանի և բեմադրող-ռեժիսոր Ս. Թադևոսյանի «Ինքնասպանի գրառումներ» բալետային այլընտրանքային հոգեբանական դրաման։ Իսկ համերգ-ներկայացումը նախագծի իրականացրած երկրորդ մշակութային իրադարձությունն է, որն իրականցացվում է «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հետ: