«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մեծ ուրախությամբ է պատրաստվում հեղինակավոր մրցույթին: Լատվիայում գտնվող երգչուհին «Արմենպրես»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշեց, որ մրցույթի մասնակիցները շատ փորձեր են ունենում:
«Շատ լավ տրամադրություն ունեմ, որովհետև այստեղ՝ այս դրական մթնոլորտում, այլ կերպ ուղղակի չի կարող լինել: Շատ փորձեր ենք ունենում՝ առավոտյան ժամը 11-ից մինչև երեկո, սակայն խիստ հետաքրքիր է, որովհետև ամեն օր մի վարպետության դասի ենք մասնակցում, ականատես լինում և հենց ինքներս զգում ենք մեր մեջ դրական փոփոխություններ»,-նշեց Սոնա Ռուբենյանը:
Երգչուհին նաև տեղեկացրեց, որ մրցութային երկրորդ օրը հանդես կգա 6-րդ, իսկ երրորդ օրը՝ 13-րդ համարի ներքո: «Իսկ առաջին օրվա հերթականությունը կընտրեն ռուսական շոուբիզնեսի աստղերը»,-տեղեկացրեց Ռուբենյանը:
Մրցույթը Յուրմալայում այս տարի կանցկացվի հուլիսի 22-27-ը: Այն հայ ակնդրի համար կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությունը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի նախատեսվում է ցուցադրել օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն կընձեռեն ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին:
Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ: Երաժշտական պրոդյուսեր Անդրեն տեղեկացրել էր, որ Սոնան կկատարի Մայլի Սայրուսի «Wrecking Ball»-ը, ինչպես նաև Մհերի հետ կներկայացնի Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որը կնվիրվի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հեղինակային երգի երեկոյի ընթացքում կհնչի Ազատ Հակոբյանի «Կարոտ» ստեղծագործությունը:
Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է
ունեցել 2002 թվականինՅուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որ առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2013»-ի երեք մրցութային փուլերի արդյունքում առաջատարը Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորեսն էր, ով ժյուրիի քվեարկության ձայների արդյունքում հավաքել էր 357 միավոր: