Վրացի անվանի ռեժիսոր և կինոդրամատուրգ Օթար Իոսելիանին արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին: Մրցանակը նրան հանձնվեց Իոսելիանիին նվիրված «Հարգանքի տուրք» ծրագրի բացման ընթացքում: Մրցանակը նրան հանձնեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:


 «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում մեր երկրում կներկայացվեն անվանի ռեժիսորի «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն», «Խաժամուժ» ֆիլմերը: 80-ամյակը բոլորած ռեժիսորը շնորհակալություն հայտնեց պարգևի համար` նշելով, որ Փարաջանովը լավագույն ռեժիսորներից մեկն է:


«Ձեր քաղաքը հիասքանչ է: Սակայն ձեր ճարտարապետներն այն տգեղացրել են: Ես այստեղ եմ արդեն չորրորդ անգամ: Եվ ամեն անգամ այստեղ գալով` չեմ ճանաչում քաղաքը: Ես չեմ ճանաչում քաղաքի քարերը»,- «Արմենպրեսի»-ի փոխանցմամբ՝ նշեց Օթար Իոսելիանին:

 

Անվանի ռեժիսորը խորհուրդ տվեց երիտասարդներին այնպես նկարել իրենց յուրաքանչյուր ֆիլմ, ինչպես կնկարեին վերջին կինոնկարը:

 

Ռեժիսոր և կինոդրամատուրգ Օթար Իոսելիանին ծնվել է 1934-ին, Թբիլիսիում: Ուսանել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում: Ռեժիսորի ասիստենտ, մոնտաժող է եղել «Վրացֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Թբիլիսիի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1961-ից «Վրացֆիլմի» ռեժիսոր է և սցենարիստ: 1965-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ա. Դովժենկոյի արվեստանոց): 1962-ին նկարահանել է «Ապրիլ» կարճամետտրաժը, 1964-ին՝ «Չուգուն» վավերագրական ֆիլմը, որը մետաղաձուլարանի մեկ օրվա մասին է:


Այս ֆիլմերն արդեն ինքնատիպ ոճ ունեն, որն ակնհայտ է Իոսելիանիի «Տերևաթափ» առաջին լիամետրաժ ֆիլմում (1966, FIPRESCI-ի մրցանակ և Ժորժ Սադուլի մրցանակ՝ լավագույն դեբյուտի համար` Կաննի ՄԿՓ-ում): 1971-ին «Ապրում էր մի երգող կեռնեխ» ֆիլմը նկարահանելուց հետո 1976-ին ռեժիսորը ասպարեզ է հանել «Հովվերգությունը», որը Բեռլինի ՄԿՓ-ում արժանացել է FIPRESCI-ի մրցանակին: 1980-ականների սկզբից  ի վեր Իոսելիանին աշխատում է Ֆրանսիայում: 1984-ին  նկարահանել է «Լուսնի սիրելիները», որն արժանացել է Վենետիկի ՄԿՓ-ի Ժյուրիի հատուկ մրցանակին:


Նույն մրցանակն են նվաճել նաև նրա երկու այլ գործեր՝ «Եվ եղավ լույս»-ը (1989) և «Ավազակներ. գլուխ յոթերորդ»-ը (1996): 1999-ին էկրան բարձրացավ Իոսելիանիի  «Մնաս բարով, տուն, սիրելի տուն» ֆիլմը, որտեղ նա ևս դեր ուներ: Օթար Իոսելիանին կինոյի մասին մի շարք հոդվածներ է հեղինակել, որոնք տպագրվել են Ռուսաստանում և արտասահմանում: 1993-ին արժանացել է «Տրիումֆ» մրցանակին: 2000-ին եղել է La Fémis-ի՝ Ֆրանսիայի ազգային կինոդպրոցի ընդունելության քննության հանձնաժողովի նախագահը, 1986-ին՝ Բեռլինի ՄԿՓ-ի ժյուրիի անդամ: 1984-ից կրում է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչումը: