Հրեա նշանավոր ռեժիսոր Ամոս Գիտայն արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին: Մրցանակը Գիտային է հանձնվել նրան նվիրված «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի մեկնարկին, որը նշանավորվել է ռեժիսորի «Անա Արաբիա»կինոնկարի ցուցադրությամբ: Անվանի ռեժիսորի «Սահմանազատում», «Ազատ գոտի», «Ավետյաց երկիր» ֆիլմերը կներկայացվեն «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» բաժնում:
«Ես անում եմ ֆիլմեր ինքնության մասին: Հայ և հրեա ազգերի պատմություննների մեջ շատ զուգահեռներ կան, երկուսն էլ տեսել են ջարդեր, ունեն կորսված տարածքների խնդիր: Երկար տարիներ եմ մտածել Երևան գալու մասին, համակրանք և կարեկցանք եմ ունեցել տառապանքի մեջ եղած հայ ժողովրդի նկատմամբ, որն աշխարհին իր ցավը հասցնելու խնդիր ունի: Երուսաղեմի ամենագեղեցիկ թաղամասը հենց հայկականն է: Քանի որ կինոյի աշխարհն ընտանիքի է նման, ես ունեմ նաև հայ ընկերներ, ինչպես Էգոյանը և Գետիկյանը, և այսօր պետք է այստեղ տեսնեմ տարբեր վայրեր»,-Արմենպրես»-ի փոխանցմամբ, երևանյան ասուլիսում նշեց Ամոս Գիտայը:
Ամոս Գիտայը ծնվել է 1950-ին Հայֆայում (Իսրայել): Մոտ 40 վավերագրական և խաղարկային ֆիլմերում, այնպիսի թեմաների միջոցով, ինչպիսիք են հայրենիքը և տարագրությունը, կրոնը, սոցիալական վերահսկողությունը և ուտոպիան, Գիտայը բացահայտել է Մերձավոր ու Միջին Արևելքի պատմության շերտերը՝ ներառյալ իր անձնականը: Նրան բնորոշ ոճի մասն են կազմում երկար պլանները՝ կինոխցիկի հազվադեպ, բայց էական տեղաշարժով և արտակարգ նրբամիտ հումորի զգացմամբ:
«Դաշտային օրագիր» ֆիլմի առաջացրած հակասական արձագանքի պատճառով Գիտայը 1983-ին տեղափոխվեց Փարիզ, որտեղ հիմնվեց հետագա տասը տարում և շարունակեց հաճախ ճամփորդել՝ ստեղծելով այնպիսի վավերագրական կինոկարներ, որոնցից է «Արքայախնձորը»: Այս շրջանում էր, որ նա սկսեց նկարահանել խաղարկային և պատմական ֆիլմեր տարագրության մասին: 90-ականների կեսին Գիտայը տեղափոխվեց Հայֆա և մոտ 10 տարվա ընթացքում կյանքի կոչեց գրեթե 15 ֆիլմ՝ թե՛ վավերագրական, թե՛ խաղարկային: Գիտայի՝ իսրայելական քաղաքներին նվիրված եռերգության առաջին ֆիլմը «Դեվարիմն» է (1995), որին հետևեցին «Յոմ Յոմը» և «Քադոշը»:
Այս վերադարձը հայրենիք նաև ուղևորություն էր դեպի սեփական անցյալը. Գիտայը նկարահանեց «Քիփուրը» (2000)՝ իր պատերազմական հուշերի վրա հենված խաղարկային ֆիլմ, որը Կաննի ՄԿՓ-ում արժանացավ Ֆրանսուա Շալեի մրցանակին: Դրան հետևեցին «Եդեմ» (2001) և «Քեդմա» (2002) ֆիլմերը. երկուսն էլ մեզ տանում են Իսրայել պետության ստեղծման ժամանակները՝ ի ցույց դնելով դրա ակունքները, պատմական և գաղափարական հիմքերը: «Ավետյաց երկիրը» (2004, «Ապագայի կինո» մրցանակ Վենետիկի ՄԿՓ-ում) և «Ազատ գոտի» ֆիլմերը պատկերում են երկրի և ամբողջ տարածաշրջանի ներկայիս դրությունը:
2013-ին Վենետիկի ՄԿՓ-ում Գիտայը «Անա Արաբիա» (2013) ֆիլմի համար արժանացավ SIGNIS-ի մրցանակին՝ պատվավոր հիշատակման և «Կանաչ կաթիլ» մրցանակին: Նրա գործերի հետահայաց մեծ ցուցադրություններ են կազմակերպվել, օրինակ, Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), NFT-ում և ICA-ում (Լոնդոն), Լինքոլն կենտրոնում (Նյու Յորք), Բեռլինի Kunstwerk-ում, Մադրիդի, Երուսաղեմի, Փարիզի, Սան Պաուլուի, Տոկիոյի, Տորոնտոյի ֆիլմադարաններում և այլուր: