Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ, հայ գրականության զարգացման և տարածման ասպարեզում ունեցած ներդրման համար ՀԳՄ Արարատի մարզային «Պարույր Սեւակ» մասնաճյուղի նախագահ բանաստեղծ Մանասեն (Կամո Աղաբեկյան) և նույն մասնաճյուղի անդամ Կարինե Աշուղյանը պարգեւատրվել են ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով եւ արժանացել «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:
Մանասեն չորս գրքի հեղինակ է: Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը, գրել է մի շարք փիլիսոփայական-մշակութային էսսեներ: Կատարում է թարգմանություններ ռուսերենից: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` «Պարույր Սեւակ» (2001թ.): Այժմ ղեկավարում է ՀԳՄ Արարատյան մասնաճյուղը, որն իր գործունեության ընթացքում նպաստել է մարզում շատ շնորհալի ստեղծագործողների հրապարակմանը հանրապետական գրական մամուլում, ինչպես նաեւ տարածաշրջանում գրականության պրոպագանդմանը: ՀԳՄ անդամ է 2002 թվականից:
Կարինե Աշուղյանը ծնվել է Արարատի մարզի Տափերական գյուղում: Ստեղծագործել սկսել է դպրոցական տարիներին, ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ՀԳՄ անդամ է 1996 թվականից: Նա հինգ ժողովածուների հեղինակ է, միաժամանակ զբաղված է երկու ժողովածուների թարգմանությամբ: Աշուղյանը երկար տարիներ աշխատել է «Արարատ» մարզային թերթում որպես խմբագիր, ստեղծագործությունները տպագրվել են «Գարուն» ամսագրում: