Ճապոնիայի Օսակա քաղաքում ավելի քան երեք հազար մարդ ամբողջ գիշեր հերթ է կանգնել, որպեսզի առաջինը մտնի համակարգչայնացված ատրակցիոնների եզակի համալիր, որոնք նվիրված են պատանի կախարդ Հարի Փոթերին: Այն գտնվում է Universal Studios Japan թեմատիկ զբոսայգու տարածքում, որն ստեղծվել Է հոլիվուդյան ամենահայտնի մարտաֆիլմերի մոտիվներով:      

 

Համալիրի բացման արարողության ժամանակ հավաքվածները խմբովին ընթերցել են կախադրանքի խոսք եւ դրանից հետո կարողացել են մտնել Հոգվարտս՝ կախարդանքի հռչակավոր դպրոցը, որտեղ սովորել են խիզախ Հարի Փոթերը, նրա ընկերները և ախոյանները: Այնտեղ այցելուներին սպասում են ատրակցիոններ, որոնք ստեղծվել են տեխնիկայի վերջին խոսքով: Իսկույն ևեթ առանձնահատուկ ժողովրդականություն Է սկսել վայելել այն դիտողական նմանակիչը, որը ցախավելով հափշտակիչ թռիչքի լիակատար պատրանք է ստեղծում:

 

Հարի Փոթերն անգլիացի կին գրող Ջոան Ռոուլինգի վիպաշարի գլխավոր հերոսն Է, վիպաշար, որի մոտիվներով նկարահանվել են հանրահռչակ կինոֆիլմեր:

 

Ատրակցիոնների այս համալիրի ստեղծման համար Universal Studios Japan ընկերությունը ծախսել Է 45 միլիարդ իեն՝ ավելի քան 445,5 միլիոն դոլար: Ընկերությունում համոզված են, որ Հարի Փոթերի հռչակը կհանգեցնի այն բանին, որ թեմատիկ զբոսայգի այցելողների թիվը տարեկան կաճի 2 միլիոնով և կհասնի մինչև 12 միլիոնի: Մասնավորապես, ընկերությունը հույս ունի, որ զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի արտասահմանից՝ հիմնականում Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից:  

 

Հաճախելիության մակարդակով Օսակայի զբոսայգին զիջում Է սոսկ Տոկիոյի «Դիսնեյլենդին», որը տարեկան ընդունում է շուրջ 25 միլիոն մարդ: