Ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժերար Դեպարդիեն, որն անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, մտադիր է բիոօղու արտադրություն կազմակերպել: Նա լրագրողներին պատմել է Սարատով կատարած այցի ժամանակ:
Արտիստի խոսքով՝ 40-աստիճան թնդության խմիչքը արտադրվելու Է Էկոլոգիապես մաքուր մթերքների եւ լեռնային աղբյուրների ջրի հիմքի վրա. արտադրանքի որակին խստիվ հետեւելու են:
«Սա լինելու Է թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության իմ առաջին փորձը, եւ ես հուսով եմ, որ այն հաջող կլինի: Այդուամենայնիվ, ես կցանկանայի, որ որքան հնարավոր է ավելի շատ մարդիկ ալկոհոլային խմիչքներից նախապատվությունը տային գինուն: Այն տոն-խմիչք է»,-նշել է նա:
Բացի հիմնական դերասանական գործունեությունից, Դեպարդիեն հայտնի է որպես նրբաճաշակ խոհանոցի գնահատող, գինեգործ և ռեստորանատեր: Նա ծրագրում Է Ռուսաստանում բացել խոհանոցային պարագաների արտադրություն, ինչպես նաև «Ժերար» ռեստորանների ցանցը: «Այնտեղ կլինի պարզ կերակուր և հարմարավետ մթնոլորտ»,-խոստացել Է նա:
Սարատովում Դեպարդիեն ներկայացրել է անվանական խոհանոցային հավաքածու, որի դիզայնին նա մասնակցություն է ունեցել:
Ժերար Դեպարդիեին ռուսաստանյան անձնագիր հանձնելու արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի հունվարին: Իսկ այս տարվա փետրվարին նա գրանցում է ստացել Մորդովայի մայրաքաղաք Սարանսկում: Ինչպես խոստովանել է դերասանն ինքը, նա ավելի ու ավելի շատ ժամանակ է անցկացնում Ռուսաստանում: Վերջին անգամ երկիր նրա այցը շարունակվել է ավելի քան երկու ամիս: