Աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի Դուկը երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին արժանացավ Փարաջանովյան թալլեր մրցանակին: Երկու օրով Հայաստան ժամանած ռեժիսորը փառատոնի կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց մրցանակի համար: «Շատ ուրախ եմ, որ ստանում եմ այն մրցանակը, որ կրում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը: Հայաստանում իմ ֆիլմերը դիտող մարդկանց ևս շնորհակալություն եմ ցանկանում հայտնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ռեժիսոր Կիմ Կի Դուկը:
Լրագրողների հետ զրույցում աշխարհահռչակ ռեժիսորն ընդգծեց, որ երջանիկ է լինել Հայաստանում: «Ձեր երկիրը Կորեայի հետ շատ նմանություններ ունի նաև տխուր պատմությամբ, և ինձ շատ է դուր գալիս Հայաստանում: Տեսնելով փառատոնի ծրագիրը և ներկայացված ֆիլմերը՝ շատ սպասելիքներ ունեմ, և իմ կարծիքով փառատոնային ֆիլմերը հետաքրքիր են»,-նշեց նա: Կիմ Կի Դուկը «Ոսկե ծիրան»-ի մասնակիցներին յուրահատուկ անակնկալ մատուցեց: Նա հայկական բեմում կատարեց կորեական ժողովրդական «Արիրանգ» երգը՝ արժանանալով բազմաթիվ ծափողջյունների: «Այս երգն արտահայտում է կորեացի ազգի և տխրությունը, և ուրախությունը»,-մեկնաբանեց ռեժիսորը:
Հարավկորեացի ռեժիսորը ծնվել է 1960 թվականին: 1990-92թթ. գեղարվեստ է ուսանել Փարիզում: 1993-ին «Նկարիչը» և «Մահվան դատապարտված հանցագործը» սցենարների համար արժանացել է Կինոդրամատուրգիայի կրթական ինստիտուտի Լավագույն սցենարի մրցանակին: Վերադառնալով Հարավային Կորեա՝ կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ և 1995-ին Կորեայի կինոխորհրդի կազմակերպած սցենարների մրցույթում շահել առաջին մրցանակը: Հաջորդ տարի սցենարների համար ևս երկու մրցանակ ստանալուց հետո, Կիմը նկարահա նել է իր առաջին «Կոկորդիլոս» ցածրբյուջետային ֆիլմը: Հարավկորեացի կինոնքննադատները ֆիլմին արձագանքել են սենսացիոն քննախոսականներով:
Ապա Կիմ Կի-դուկը նկարահանել է «Վայրի գազանները», «Թռչնավանդակ» հյուրանոցը», «Կղզին» և խիստ փորձարարական «Իրական հորինվածքը», որը նկարահանվել է ընդամենը 200 րոպեում: Այս ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի 23-րդ ՄԿՓ-ում: 2001-ին «Հասցեն անհայտ է» ֆիլմը Պուսանի ՄԿՓ-ում ընտրվել է որպես խրախուսման արժանի նախագիծ: 2003-ին Կարլովի Վարիի ՄԿՓ-ում FIPRESCI-ի ժյուրիի նախագահ Սուսաննա Հարությունյանի՝ «Ոսկե ծիրան» ԿՓ-ի գեղարվեստական ղեկավարի ձեռքով FIPRESCI-ի մրցանակը հանձնվել է «Ափեզրի պահապանը» ֆիլմին: Կիմ Կի-դուկն արժանացել է Բեռլինի ՄԿՓ-ի մրցանակին՝ «Սամարացի աղջիկը», Վենետիկի ՄԿՓ-ի մրցանակներին՝ «Դատարկ տուն» ֆիլմերի համար:
2011-ին նրա «Արիրան» վավերագրական աշխատանքին շնորհվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակը՝ որպես լավագույն ֆիլմի: 2004-ին Ռուսաստանի «Խաղաղօվկիանոսյան միջօրեական» ԿՓ-ում «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… և նորից գարուն» ֆիլմը շահել է գլխավոր մ րցանակը, ինչպես նաև այլ մրցանակներ Լաս Պալմասում, 2003-ին՝ Լոկառնոյի և Սան Սեբաստիանի ՄԿՓ-երում: 2012-ին Կիմ Կի Դուկի «Պիետա» ֆիլմը նվաճեց Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը»՝ դառնալով առաջին կորեական կինոնկարը, որ լավագույնն է ճանաչվել Վենետիկի, Բեռլինի և Կաննի երեք կարևորագույն ՄԿՓ-երից մեկում:
Կիմ Կի Դուկն արծարծում է կորեական ազգային խնդիրներ՝ միաժամանակ դրանք դիտարկելով որպես ժամանակակից աշխարհի բաղկացուցիչ մաս: Նրա ֆիլմերը արդիական առասպելներ են, որ կապակցված են կրկնվող թեմաներով, սյուժեներով, կերպարների տիպերով: Կիմ Կի-դուկի հերոսները հասարակության ցածր խավի մարդիկ են, որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել: Մոլեգին պայքարի և գրոտեսկի ծայրահեղ իրավիճակներում ռեժիսորը երևան է հանում անմեղությունը հերոսների հոգիներում: Կիմ Կի Դուկը կանոններ ու օրենքներ չի ճանաչում: Նա ենթարկվում է միայն հ որինվածքին և ոճի իր զգացողությանը: