«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակիցները հուլիսի 8-ին այցելել են Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր, ելույթ ունեցել Սիսիանի քաղաքային մարզադաշտում, որտեղ բացօթյա համերգին մասնակցել են Քուվեյթի «Շաքե», Ախալքալաքի «Վաչյան», Վոլգոգրադի «Արտույտ», Կրասնոդարի «Արմավիր», Ուկրաինայի «Արմենիա», Սոչիի «Նաիրի», Պյատիգորսկի «Անի», Ռոստովի «Արփի», Լիպեցկի «Կռունկ » պարախմբերը: Սփյուռքահայ պարախմբերին իրենց ելույթով ողջունել են Սիսիանի մանկական կենտրոնի սաները, սիսիանցի երիտասարդ երգչուհի Անուշ Աղաջանյանը:
Համերգին ներկա են եղել Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Սլավիկ Դադաշյանը և «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը: Փառատոնյան հերթական օրն ավարտվել է Նորավանքի վանական համալիր այցելությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո 2012 թվականից իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է Հայաստան-Սփյուռք կապերի և գործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդումը, համագործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը , համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարումը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերումն ու համախմբումը: