Երիտասարդ երգչուհի Նարե Գրիգորյանն այս տարի Հայաստանը ներկայացրել է «Морской узел 2014» ամենամյա միջազգային մրցույթին, որի ժամանակ «Գրան Պրի» է ստացել: ESem.am-ը շնորհավորել է երեկ երեկոյան Հայաստան վերադարձած Նարեին ու հետաքրքրվել մրցույթի մանրամասներից:
9 երկրների ներկայացուցիչների հետ Նարեն Նովոռոսիսկ քաղաքում մասնակցել է մրցույթի առաջին և երկրորդ փուլերին: Առաջին փուլում երգչուհին ներկայացրել է “Destinys Child” խմբի “Stand up for love”, երկրորդ փուլում` Անի Քրիստիի «Քեզ» երգը:
Երգչուհու խոսքով` առաջին անգամ էր մասնակցում միջազգային մրցույթի և շատ ուրախ է, որ մրցանակի է արժանացել: «Տպավորությունն աննկարագրելի էր, սա իմ առաջին միջազգային մրցանակն էր. ինձ համար մեծ պատիվ է այս տարիքում նման գնահատանքի արժանանալը»,-ESem.am-ի հետ զրույցում ասաց Նարեն, ով բացի դիպլոմից ու հաղթական գավաթից նաև գումարային պարգև է ստացել: Նա արժանացել է 3000 ԱՄՆ դոլարի, որը, սակայն, դեռ չի որոշել` ինչպես կծախսի:
Նարեի փոխանցմամբ` երբեք լուրջ չի վերաբերել մրցույթներին: «Ավելի շատ կենտրոնացած եմ եղել ուսմանս ու աշխատանքիս վրա: Այս տարի ավարտեցի Տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի Զբոսաշրջության կառավարում բաժինը. արդեն երեք տարի է` աշխատում եմ նաև Երգի պետական թատրոնում` որպես մեներգչուհի»,-ասաց նա: Ի դեպ, Նարեն վերը նշված մրցույթին մեկնել էր հորաքրոջ` երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ, ով միջազգային ժյուրիի որակավորում ունի և արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի ներկայացուցիչն է:
Նարեից տեղեկացանք նաև, որ առաջիկայում երգչուհի Գայանե Հովհաննիսյանի հետ կմասնակցի ևս մեկ միջազգային մրցույթի: «Երգի թատրոնում Գայանե Հովհաննիսյանն իմ ուսուցչուհին է եղել. նա ինձ առաջարկել է օգոստոսին մասնակցել Բիշքեկ քաղաքում կայանալիք մեկ այլ միջազգային մրցույթի, որտեղ պայմանները գրեթե նույնն են, ինչ «Морской узел 2014»-ին»,-հայտնեց երգչուհին:
ESem.am-ը շնորհավորում է երիտասարդ երգչուհուն և մաղթում նորանոր հաղթանակներ:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը