Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում հրավիրված միջոցառման ընթացքում ներկայացվել են Համշենը, համշենահայությունն ու նրա մշակույթը։ Երեկոյի ընթացքում ցուցադրվել է թուրքագետ բանասիրական գժտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը։

 

Միջոցառումը կազմակերպել էր «Հասարակություն եւ մշակույթ» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում։ «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցաբար հասարակության տարբեր շերտերին ներկայացնում է հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում։

 

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը նկատել է, որ Թուրքիայում բնակվող համշենցիներն առանձնահատուկ են իսլամացած և ծպտյալ հայերի շրջանում։

 

Նրանց մի մասը հայախոս է, հաղորդակցվում է հայկական բարբառներից մեկով։ Թուրքագետը նշել է, որ բացի Թուրքիայից` առկա են համշենցիների խմբեր Միջին Ասիայում, Աբխազիայում, Ռուսաստանում։ Հետխորհրդային շրջանում բնակվող համշենցիները քրիստոնյա են, հայախոս և իրենց համարում են հայ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի համշենցիներին, ապա նրանց մի մասն ընդունում է իր հայկական ծագումը, մյուս մասը՝ ոչ։ Թուրքագետը նկատել է, որ այս հարցում համշենցիները թերեւս մեղավոր չեն, քանի որ տարիներ շարունակ թուրքական պատմագրությունը նրանց մեջ մտցրել է այն գաղափար, թե իբր համշենցիները թուրքական ցեղի մի տեսակ են։ Նրանց համար դժվար է միանգամից կարծրատիպերը հաղթահարել։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում որոշ տեղաշարժեր նկատվում են։ Համացանցի, հաղորդակցության միջոցների զարգացման, հայ գիտնականների ուսումնասիրությունների ու այցելությունների շնորհիվ համշենցիները տեղեկանում են իրենց ծագման մասին։

 

«Համշենը անցյալի եւ ներկայի խաչմերուկներում» ֆիլմի հեղինակ Լուսինե Սահակյանը կինոնկարի ցուցադրումից հետո պատասխանել է հանդիսատեսի հարցերին։ Նա մասնավորապես նշել է, որ ֆիլմն արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Այն ցուցադրվել է նաեւ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային, Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոներում, Տորոնտոյի «Նուռ» փառատոնում, Պրահայում եւ այլն: Այսօր արդեն ֆիլմի մակագրե րը թուրքերեն թարգմանելու մտադրություն կա։

 

Ֆիլմում տեղ են գտել դրվագներ Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանության պատմության, նրա բնակիչների բռնի իսլամացման մասին։ Ռիզեի և Արդվինի նահանգներում կատարված բացառիկ նկարահանումների շնորհիվ հանդիսատեսը ծանոթանում է Խոփայի, Չամլըհեմշինի, Արդաշենի, Չայելիի գավառների համշենցիների պարերի, երգերի, նրանց խոսվածքի ու բանահյուսության, հավատալիքների, զբաղմունքի, ինչպես նաև խոհանոցի հետ: Ներկայացվում են նաև ինքնության հետ կապված համշենցիների ընկալումներն ու նրանց ժողովրդագրական պատկերը: