Այսօր ֆեյսբուքի օգտատեր Նարեկ Գաբրելյանը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` կարգի հրավիրելու “X factor” նախագծի հայկական  տարբերակի ժյուրիիանդամներին: «Ոչ ոք ո՛չ Գարիկին, ո՛չ Էմմիին, ո՛չ Եգոր Գլումովին թույլ չի տվել վատ դրության մեջ դնել «X Factor»-ի որևէ մասնակցի, իրավունք չի տվել կոպիտ արտահայտվելու, ցինիկավարի, մարդու հուզմունքից օգտվելով, «ցինկեր կամ բոցեր անելու կամ վրան կայֆեր վառելու», կամ կոպիտ, անտաշ ու անտակտ ձևով արտահայտվելու»,- մասնավորապես գրել է նա:]


 

ESem.am-ն այս մասին խոսեց ժյուրիի անդամ Եգոր Գլումովի հետ: Լսելով մեր հարցը` նա նախ ծիծաղեց, ապա հարցրեց, թե ո՞վ է ում վիրավորել: «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Մեր երկրում առավել կարևոր հարցեր կան, որոնցով կարելի է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին»,- ասաց հաղորդավարը:

Ինչ վերաբերում է մեր հարցադրմանն այն մասին, որ շատ են քննադատությունները, ըստ որոնց, նախագծի ժյուրիի անդամները երբեմն շատ կոպիտ են լինում, Գլումովը պատասխանեց. «Դա քննադատողների պրոբլեմն է: Զերծ եմ մնում այդ ամենից: Ոչ նայում եմ, ոչ լսում, ոչ էլ ուզում եմ մտածել այդ մասին»:

 

 

Հաղորդավարի խոսքով` եթե մարդը ձայն չունի, չպետք է գա և մասնակցի նախագծին: «Եթե դու գալիս ես, պետք է պատրաստ լինես, որ քեզ կասեն` դու ձայն չունես և, ընդհանրապես, պետք չէ, որ երգես: Ինձ չի թվում, որ դա վիրավորանք է, եթե ինչ որ մեկին թվում է, թե դա վիրավորանք է, դա իր անձնական պրոբլեմն է»,- ասաց Գլումովը:

Անդրադառնալով  կարծիքներին, որ տվյալներ չունեցող մասնակիցներին պետք է թույլ չտալ հասնել հեռուստատեսային փուլ, հաղորդավարը պատասխանեց, որ կապ չունի դրա հետ: «Ես` որպես ժյուրիի անդամ, իմ աշխատանքն եմ անում: Ինչ վերաբերում է նախնական փուլ անցկացնելուն, այդ մասին մտածողները պետք է դիմեն ֆորմատի հեղինակներին, ովքեր դա հորինել են, և աշխարհի 50-ից ավելի երկրում դա կա,- ասաց նա և հավելեց,- եթե մարդիկ գալիս, մասնակցում են հեռուստածրագրի, ուղեղ պետք է ունենան և հասկանան, որ իրենց ցույց են տալու: Եթե չեն ցանկանում, որ իրենց ցույց տան, պետք չէ գալ և մասնակցել: Ես չեմ մասնակցում ԱԺ ընտրություններին, որ դեպուտատ դառնամ, որովհետև  պատրաստ չեմ այդ ամենին: Եթե մարդը գալիս է և ցանկանում է մասնակցել, պետք է ամեն կերպ պատրաստ լինի դրան»:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը