Անգլիական ՓԵՆ ակումբի Pen Pinter մրցանակն այս տարի շնորհվել է Բոմբեյում ծնված բրիտանացի գրող Սալման Ռուշդիին: Այդ մասին հունիսի 20-ին հայտարարել են Լոնդոնում:
Մրցանակը 2009 թվականին սահմանվել է անգլիական ՓԵՆ ակումբի կողմից ի պատիվ հանրահայտ բրիտանացի դրամատուրգ և գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարոլդ Փինթերի: Այն ամեն տարի բրիտանացի գրողի է շնորհվում ստեղծագործական ձեռքբերումների և «աշխարհին ճշմարտությունն ասելու ցանկության համար»:
«Սալման Ռուշդին անգլիական ՓԵՆ ակումբի մրցանակին է արժանացել ոչ միայն իր փայլուն աշխատանքների, այլև բարեսիրական գործունեության համար»,- ասել է ակումբի ներկայացուցիչ Մորին Ֆրիլին՝ հայտարարելով պարգևի մասին:
Ռուշդիի պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերին Լոնդոնի Բրիտանական գրադարանում:
Գրողը լայն ճանաչում է ստացել 1988 թվականին նրա «Դիվային բանաստեղծություններ» վեպի լույս տեսնելուց հետո, որի համար գրողը Իրանի այաթոլլա Խոմեյնիի կողմից նզովվել և հեռակա կարգով մահապատժի էր դատապարտվել Աստծուն անարգելու համար: