«Հարսնացուն Վեգասից» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է:  Մոսկվա կինոթատրոնում երեկ կայացավ ֆիլմի առաջին ցուցադրությունը, որին ներկա էին Հրաչյա Հարությունյանը, Լալա Մնացականյանը, Ժան Նշանյանը, Մարտին Վարդազարյանը, Աշոտ Ղազարյանը, Գայանե Ասլամազյանը, Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանը, Արտավազդ Ամիրյանը կնոջ հետ և այլք:

Թեև ֆիլմի անվանումը բոլորիս  հիշեցնում է «Հարսնացուն հյուսիսից»  հայտնի կինոնկարը, սակայն սրանք որևէ կերպ փոխկապակցված չեն, պատմություններն էլ տրամագծորեն տարբեր են:

 

 

«Հարսնացուն Վեգասից» ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում (հայկական գյուղի տեսարանները ևս այնտեղ են նկարահանվել): Թեև աշխատանքներն արվել են ԱՄՆ-ում, անձնակազմը որոշել է առաջին ցուցադրությունը կազմակերպել Հայաստանում: «Մենք եկանք Հայաստան, քանի որ ֆիլմը Հայաստանից է սկսվում: Ցանկացանք գալ մեր տուն և մեր երկրում անել պրեմիերան»,- ESem.am-ին ասաց ֆիլմի պրոդյուսեր Էդմոնդ Գրիգորյանը:

 

 

«Հարսնացուն Վեգասից» կինոնկարում խաղացել են Լևոն Շարաֆյանը, Ալլա Թումանյանը, Միքայել Շարաֆյանը, Շարլին Ռոզը, և այլք: Ռեժիսորը Արթուր Բաբայանն է, պրոդյուսերը՝ Էդմոնդ Գրիգորյանը: Սցենարի հիմքում գյուղացի Մկոյի պատմությունն է, ով որոշում է վաճառել ընկերոջը՝ Մարջան անունով կովին, ու գնալ ԱՄՆ՝ գտնելու մի կնոջ, ում միայն լուսանկարն է տեսել: Սակայն անհավանական արկածները Մկոյին բոլորովին այլ ճանապարհով են տանում՝ չփոխելով ամուսնանալու նպատակը: Հարսնացուն Վեգասից հայտնվում է Հայաստանում, թեև դա այն հարսնացուն չէր, ում հետևից գնացել էր գյուղացի տղան:)

 

 

Պրեմիերային ներկա լինելու համար Հայաստան էր եկել նաև գլխավոր դերակատարը՝ Միքայել Շարաֆյանը՝ հայտնի դերասան Լևոն Շարաֆյանի որդին:  «Առաջին անգամ էի դիտում ֆիլմը, տեսա այն տեսարանները, որտեղ խաղում եմ հորս հետ: Դա ինձ համար շատ հուզիչ և կարևոր էր»,- ESem.am-ին ասաց Միքայելը, ով մասնագիտությամվ զգեստների ձևավորող է: Նա խոստովանեց, որ ի սկզբանե չէր ցանկանում նկարահանվել ֆիլմում: «Որպես զգեստների ձևավորող՝ ես աշխատել էի Արթուրի հետ: Ինքն ինձ տեսավ այդ կերպարում և  մոտ երեք ամիս փորձում էր ինձ համոզել, որ նկարահանվեմ: Ես կատեգորիկ դեմ էի, քանի որ  մասնագիտությամբ դերասան չեմ, սակայն ծնողներս էլ ինձ համոզեցին ու համաձայնեցի:  Ճիշտն ասած զարմացած էի ինձ վրա. չէի պատկերացնում, որ կարող էի այդքան բացվել կամերայի առաջ: Հիմա սպասում  եմ հանդիսատեսի արձագանքներին»,- նշեց Միքայելը:

Պրոդյուսերի փոխանցմամբ՝ ֆիլմը կցուցադրվի նաև արտերկրում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Կանադայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում:

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Տաթևիկ Մկրտչյանի


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը