Վերականգնվում է Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը, որը գտնվում է Վահրամաբերդում: Այս որմնանկարը Մինասի՝ Շիրակի մարզում գտնվող ամենահրատապ վերականգնման կարիք ունեցող որմնանկարն էր: Այս պահին վերականգնման աշխատանքներն իրականացնում են տեղի մասնագետները, իսկ մեկ ամսից նրանց կմիանան իտալացի վերականգնողները: Աշխատանքերն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով՝ «Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից:

 

 

Որմնանակարը 1988 թվականի երկրաշարժից հետո ավելի քան 20 տարի գտնվել է բաց երկնքի տակ՝ փայտե պատնեշի մեջ:Այն ոչնչացումից փրկելու նպատակով` ՀՀ կառավարության որոշմամբ և պետական միջոցներով Վահրամաբերդում 2012 թվականին կառուցվեց մշակույթի տուն՝ «Արմենիան» թողնելով կառույցի ներսում: Սակայն շինարարական աշխատանքների ժամանակ շինարարը մեծ վնաս էր հասցրել որմնանակարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մինասի որդին՝ Արման Ավետիսյանը, մշակույթի տունը կառուցվեց որմնանակարը փր կելու համար, մինչդեռ շինարարական անփութության պատճառով որմնանկարն ավելի վնասվեց: «Շինարարական այդ մեկ տարվա ընթացքում որմնանկարն ավելի վնասվեց, քան երկար տարիներ դրսում մնալուց: Պատճառն այն է, որ շինարարը, առանց խորհրդակցելու մասնագետների հետ, շինարարության ընթացքում, բացել էր որմնանակարը պաշտպանող փայտե պատնեշը: Չկար իրավունք շինարարական աշխատանքերն իրականացնել առանց մասնագետների հետ խորհրդակցելու՝ այն դեպքում, երբ խոսքը Մինասի ամենարժեքավոր որմնանկարներից մեկի մասին էր»,-նշեց Արման Ավետիսյանը: