«Ելք չկա» ֆիլմը Կաննի 67-րդ միջազգային փառատոնի կինոշուկայում ներկայացվելուց հետո կշարունակի իր երթը տարբեր էկրաններով: Ֆիլմը նախատեսված է ներկայացնել մի շարք երկրներում: Բացի այդ, հանրության դատին շուտով կներկայացվի ֆիլմի տեսասկավառակը:
«Ելք չկա» ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերակատար, RecTime production ընկերության հիմնադիր Կամո Ունանյանը հունիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ֆիլմը կինոշուկայում մեծ հաջողություն է ունեցել և մասնակցության հրավերներ է ստացել բազմաթիվ կինոփառատոններից:
«Նոյեմբերին մեր ֆիլմը կմասնակցի Սալոնիկի կինոփառատոնին: Այն ընդգրկված է մրցութային անվանակարգում: Բացի այդ, հրավերներ ենք ստացել Մալագայի և Ռոտերդամի փառատոններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Կամո Ունանյանը:
Ֆիլմի պրոդյուսերն ընդգծեց, որ ռուսական «All Media» ընկերությունը սեպտեմբերի 20-ից Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում կցուցադրի կինոնկարը: Նախնական ցուցադրություններ են պլանավորված Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարում, Սոչիում, Ռոստովում և Վորոնեժում:
«All Media»-ն կզբաղվի նաև ֆիլմի տեսասկավառակների վաճառքով ՌԴ-ում, նաև հավանաբար Ղազախստանում: Ֆիլմը Հայաստանում ցուցադրվել է երեք ամիս և մեծ հաջողություններ է ունեցել: Ֆիլմը ներկայացնում է այսօրվա կյանքը և այսօրվա խնդիրները»,-հավելեց Ունանյանը:
Բանախոսը չի բացառում, որ հնարավոր է կինոնկարը աշնանը 10 օրով կրկին ցուցադրվի Երևանում` պայմանավորված ֆիլմի հաջողություններով: «Վանաձորում, Գյումրիում, Կապանում, Քաջարանում, Գորիսում ևս ցուցադրվել է ֆիլմը, հավանաբար նաև այլ մարզերում կներկայացնենք»,-ընդգծեց նա:
Բացի այդ, ֆիլմը կցուցադրվի Ղազախստանում, Լիտվայում, Հունաստանում, Վրաստանում:
Կինոսերները Երևանի կինոթատրոններում «Ելք չկա» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան փետրվարի 15-ից: Ֆիլմը հովանավորներ և աջակիցներ չի ունեցել, և նկարահանման բոլոր ծախսերը հոգացել է RecTime production ընկերությունը: Կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի հեղինակած երաժշտությունը` «Ելք չկա» ֆիլմի սաունդթրեքը, հնչում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ: Նվագախումբը կատարել է ֆիլմի երաժշտությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում և Վրաստան ում: 83 րոպե տևողությամբ կինոժապավենում, բացի սկսնակ դերասաններից, նկարահանվել են ճանաչված արտիստներ Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը: Կինոժապավենի ռեժիսորն է Վահե Սայանը, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը: Ֆիլմի երկրորդ` ռեփային սաունդթրեքը հնչում է Նարեկ Պետրոսյանի կատարմամբ: