Ռուս հանրահայտ գրող, երգիչ և դերասան Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը կտեղադրվի Երևանում: Հարթաքանդակի նվիրաբերման հանդիսավոր արարողությունը կանցկացվի հունիսի 6-ին` «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի կողմից: Հարթաքանդակը կտեղադրվի «Մելոման» ակումբի ճակատային մասում` Իսահակյան, 38 հասցեում:

 

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ընդգծեց, որ նախաձեռնությունը նշանակալից միջոցառում է, որն ավելի կամրապնդի երաժշտության սիրահարների կապը Վիսոցկու արվեստի հետ: «Արվեստի երկրպագուների համար սա մեծագույն պարգև է: Գաղափարի իրականացումը տևել է երեք տարի: Կարծում եմ, Վիսոցկին ևս կողջուներ հարթաքանդակի ընտրման վայրը: Նախատեսված է բացումից հետո անցկացնել նաև տոնական միջոցառում»,- նշեց Արև Սամուելյանը:

 

«Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար, «Խաղաղության գավաթ» միջազգային խաղաղարար նախաձեռնության համակարգող Յուրի Կայդան ընդգծեց, որ նախագիծն, ընդհանուր առմամբ, շատ դժվար էր: «Թվում է, թե փոքր հարթաքանդակ է, բայց բավականին շատ ենք աշխատել ստեղծման վրա: Այս փոքրիկ ստեղծագործությունն իր մեջ է ամփոփում տարբեր երկրների հազարավոր մարդկանց էներգիան` այդ թվում նաև հայերի: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր-բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նախագծի ստեղծման աշխատանքներում»,- նշեց Յուրի Կայդան:

 

Դերասան, հեղինակ-կատարող Արամ Գյուրջյանն ընդգծեց, որ արդեն որերորդ տասնամյակն է Վիսոցկին շարունակում է մնալ ոչ միայն սիրված դերասան, այլև արժեհամակարգի կրող անհատ: «Այն ստեղծագործությունները, որ կատարում էր նա բեմից, արդիական էին, և մենք այսօր նկատում ենք, որ նրանք ինչ-որ առումով նաև մարգարեական էին: Մի կողմից` դա ցավալի երևույթ է, մյուս կողմից` խոսում է նրա համամարդկային գաղափարների մասին»,- հավելեց Գյուրջյանը:

 

Հարթաքանդակի հեղինակն է լատիշ անվանի քանդակագործ Յանիս Ստրուպիլիսը: Այն շրջանաձև է` 50 սմ տրամագծով: Պատրաստմանը մասնակցել են նաև հարյուրավոր մարդիկ` տարբեր երկրներից: Հարթաքանդակը տրամագծով զարդարված է Վիսոցկու ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով, այդ թվում նաև` Արմեն Ջիգարխանյանի ինքնագրով:

 

Բացի այդ, հունիսի 5-ին Հայաստանում անցկացվեց «Վլադիմիր Վիսոցկու ժառանգությունը» թեմայով կլոր սեղան, որին մասնակցեցին Հայաստանում նրա ստեղծագործական ժառանգության ուսումնասիրողները, թարգմանիչներ և երաժշտագետներ:

 

Ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին մեծ հետք է թողել ռուսական մշակույթում։ Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից` Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում։ Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում։ Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտաշինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։ Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում: Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։ 1970-ին համերգներ է տվել Հայաստանում:

 

Վիսոցկու հիշատակը հավերժացնող հարթաքանդակի տեղադրման ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի և «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի հեղինակների կողմից: