Յոթանասունամյա ավանդույթներ ունեցող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նորանշանակ ռեկտոր, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ ունի հատկապես մոտակա երկու տարիների համար: «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում ԵԹԿՊԻ նորընտիր ռեկտորը նշեց, որ արվեստի բուհի խնդիրն է ձևավորել գեղարվեստական անհատականություններ և օգնել, որ նման անհատականությունները կայանան, ինչպես նաև կրթվեն որպես գրագետ պրոֆեսիոնալներ:

 

«Մեր կրթօջախն այս տարի նշում է ստեղծմանը 70-ամյակը: Սա նշանակում է, որ մի հսկայական ավանդույթների ժառանգություն և հարստություն ունենք: Միևնույն ժամանակ՝ բարեփոխումներ: Սա էլ իր հերթին նշանակում է նոր իրողություններ և դրանցից բխող նորացվող ուսումնակրթական քաղաքականություն: Այս համատեքստում առաջին քայլերի մասին դժվար է խոսել, որովհետև արդեն մեկուկես ամիս է՝ ռեկտորի պաշտոնակատարն էի, և որոշ նախապատրաստական քայլեր կատարված էին: Մեր խնդիրն է այնպիսի մի սերունդ նախապատրաստել, որը կարողանա մշակույթ թելադրել շուկայում: Սովորաբար շուկան է թելադրում մշակույթ, բայց եկել է հակառակ գործընթացի ժամանակը»,-ընդգծեց Մուրադյանը:

 

ԵԹԿՊԻ ռեկտորը, հենվելով սերունդ կրթող վարպետների վրա, ցանկություն ունի նաև համալսարան ներգրավել նոր մասնագետների, որոնք վերջին 15-20 տարիների ընթացքում կայացել են թատրոնի և կինոյի բնագավառներում: «Ժամանակն է, որ իբրև այս շրջանի մարդիկ, իրենք աշխատեն երիտասարդների հետ: Այստեղ հավասարակշռված քաղաքականություն է պետք, որովհետև այն, ինչ նոր է, չպետք է ժխտի հինը, այլ պետք է դրան ինչ-որ բան ավելացնի»,-նշեց ռեկտորը:

 

Դավիթ Մուրադյանը ցանկանում է ուսանողների մասնագիտական կրթությունը համատեղել արտադրատեխնիկական պրակտիկայի հետ: «Մենք ինստիտուտի տարածքում ունենք 500 քմ տարածք՝ ուսումնական կինո-հեռուստաստուդիա ստեղծելու համար: Փորձում ենք այդ տարածքում կազմակերպել ստուդիա, որը ծախսեր պահանջում է, և ինստիտուտի ֆինանսական հնարավորություններից վեր է, սակայն պիտի փորձենք գտնել պետական և մասնավոր աջակցություն: Հույս ունենք 1-1,5 տարվա ընթացքում այն ունենալ: Շատ կարևոր համալիր է, ամբողջ աշխարհում բուհական հաստատություններն ունեն նման կենտրոններ: Հնարավոր է նաև պատվերներ ընդունենք, որը պակաս կարևոր չէ: Միայն լսարանում հնարավոր չէ ամեն ինչ սովորել: Զուգահեռաբար ցանկանում ենք ստեղծել ուսանողական թատրոն: Բուհում գործում է ուսումնական թատրոնը, որն օգնում է դիպլոմային ներկայացումներ կազմակերպել, իսկ ուսանողական թատրոնը պարբերաբար ներկայացումներ է տալու»,-հավելեց Դավիթ Մուրադյանը:

 

Ռեկտորը կարևորում է նաև միջբուհական և միջազգային կապերը: Ռուսական երկու հայտնի բուհերի՝ Թատերական արվեստի ռուսական համալսարանի և Ս. Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի հետ նախնական պայմանավորվածություն կա դասախոսների փոխայցերի և հատուկ դասընթացների կազմակերպման վերաբերյալ: «Հորիզոնները մշտապես պետք է ընդլայնել»,-համոզված է Մուրադյանը:

 

Բացի այդ, կզարգանա բուհի գիտական վեկտորը, կկազմակերպվեն գիտական նստաշրջաններ: Բուհում առկա են ուսումնական ծրագրերի հարստացման որոշակի խնդիրներ, անհրաժեշտ են փոփոխություններ և վերանայումներ:

 

Այժմ բուհում պատրաստվում են ընդունելության քննությունների: Շուտով մի քանի տասնյակ պատանիներ ոտք կդնեն ԵԹԿՊԻ և կդառնան 70-ամյա բուհի ավանդույթների շարունակողները:

 

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել  հունիսի 2-ին: Նրա օգտին քվեարկել են բուհի կառավարման խորհրդի անդամները. քվեարկությանը մասնակցել է 23 անդամ, քանի որ մեկը գտնվում էր արտասահմանում: Մուրադյանին դեմ է քվեարկել մեկ մարդ, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ: Այսպիսով, նոր ռեկտորին կողմ է քվեարկել խորհրդի 21 անդամ:

 

Ռոզա Գրիգորյան