Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու ավագանու անդամների որոշումն արդեն տևական ժամանակ է, ինչ բուռն քննարկումների կիզակետում է: Շատերը, Միկոյանի կենսագրությունից ահասարսուռ փաստեր բերելով, պնդում են, որ Երևանում նրա արձանը չպետք է տեղադրվի: Անաստաս Միկոյանի «քաջագործություններից» մեկն էլ կապված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ընտանիքի հետ:

 

Lurer.com-ի թղթակցի խնդրանքով` Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մեզ պատմեց, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել Միկոյանի և Թումանյանի տիկնոջ` Օլգայի միջև.

 

«Թումանյանը 4 տղա ուներ` մեկը զոհվեց ցեղասպանության ժամանակ, մյուս երեքը ստալինյան ռեպրեսիայի զոհ դարձան: Երբ նրանք ձերբակալվեցին և աքսորվեցին, Թումանյանի այրին` տիկին Օլգան, մեկնեց Մոսկվա` հանդիպելու Միկոյանին, որպեսզի վերջինս պատկան մարմինների մոտ բարեխոսի իր որդիների համար: Միկոյանը տիկին Օլգային չթողեց անգամ իր տուն մտնել և, փաստորեն, նա ձեռնունայն վերադարձավ Թիֆլիս: Երեք տղաներին էլ գնդակահարեցին:

 

Դա, իհարկե, սոսկալի պատմություն է. պատկերացրեք մոր վիճակը, ով ողջ է, բայց կորցրել է իր չորս տղաներին: Սարսափելի բան է:

 

Անցնում են ժամանականեր, Երևանում բացվում է Թումանյանի տուն-թանգարանը: Թիֆլիսից ամեն ինչ տեղափոխում են այստեղ: Տիկին Օլգան և աղջիկները նույնպես գալիս են Երևան: 1969 թվականին Թումանյանի 100-ամյա հոբելյանական միջոցառումն է լինում, բարձրաստիճան հյուրեր են գալիս, տիկին Օլգան, բնականաբար, դռների մոտ դիմավորում է հյուրերին և հանկարծ տեսնում Անաստաս Միկոյանին: Կանգնում է դռների մեջ, փակում Միկոյանի ճանապարհը և ասում. «Անաստված Անաստաս, որդիներիս ձերբակալել էին, դու ինձ քո տուն չթողեցիր, երբ քեզ խնդրում էի բարեխոսել երեխաներիս համար։ Հիմա դու իրավունք չունես իմ տուն ոտք դնելու»:

 

Ինչպես գիտենք, ձուլարանից անհետացել է Անաստաս Միկոյանի կիսաավարտ արձանը: Նարինե Թուխիկյանը չգիտի' ով է առևանգել այն, բայց, կարծում է` այդպես էլ պետք է լիներ:

 

«Միկոյանի արձանը չի լինելու Երևանում և վերջ: Այստեղ սոսկալին այն էր, որ ավագանու անդամները, բացառությամբ մի 3-4 հոգու, իմանալով` ով է եղել Միկոյանը, քվեարկեցին հօգուտ այդ արձանի տեղադրմանը, այնուհետև հրապարակված փաստերը ոչինչ չփոխեցին:

 

Ավագանու անդամների մեջ իմ կողմից հարգված մարդիկ կան, բայց երբ լսեցի, որ կողմ են Միկոյանի արձանի տեղադրմանը` իմանալով հանդերձ, որ նա անմեղ մարդկանց մահվան պատճառ է դարձել, լեհերի ցեղասպանություն է կազմակերպել, ես հասկացա մի բան` այդ մարդիկ պատեհ պահին կվարվեն նույն կերպ` չեն խորշի գնդակահարելուց: Ինձ համար ուրախալին այն է, որ այս կերպ իմացանք` ով ով է, ու որքան փորձեն չքմեղանալ, ես արդեն գիտեմ նրանց ով լինելը: Բոլորն իրենց բացահայտեցին: Մենք շատ լավ գիտենք` եթե առիթ լինի, ով իրեն ինչպես կպահի, ով չի խորշի մարդ սպանելուց: Ցավոք, այդ մարդկային տեսակի մեջ կան նաև մտավորականներ»,- ասում է Նարինե Թուխիկյանը:

 

Վերջինիս խոսքով` անընդհատ փորձեր են արվում ստուգելու հասարակության զգոնությունը, որպեսզի հասկանան, թե ինչ տակտիկական քայլեր պետք է ձեռնարկեն «ռեժիմը» վերականգնելու համար: Մեր հասարակությունն, ըստ նրա, ամեն դեպքում, իր զգոնությունը չկորցրեց. մեր ժողովուրդը ցուցադրեց իր տոկոնությունը: «Ռեժիմը» այստեղ չի աշխատելու, որևէ մեկը չի կարող այստեղ «ռեժիմի» հիմք դնել, որովհետև կա սերունդ, որը ոչինչ չի մոռացել.

 

«Միկոյանին մեջտեղ բերելը տգիության հետևանք է: Թող պուճուրիկ միկոյանիկներ սարքեն ու տանեն իրենց տանը դնեն, թող երկրպագեն, խոնարհվեն, սիրեն, աղոթեն, թող Ստալինի, Բերյայի արձանիկները դնեն իրենց տանը, ինչ ուզում են, անեն:

 

Ինչքան տգետ պետք է լինել, որ մարդասպանի թեման կրկին մեջտեղ հանեն: Այո, դիտավորություն կար. այս հարցը դիտավորությամբ իջեցրել են` ստուգելու մեր զգոնությունը, բայց այն, որ նախիրի պես համատարած ձեռք են բարձրացնում, դա տգիտության հետևանք է: Երբ ասում են` եղբա′յր, այս մարդը անմեղ մարդկանց ցեղասպանություն է կազմակերպել, ու դու էլի ձեռք ես բարձրացնում, սա ի՞նչ է նշանակում. որ դու զոմբի ես արդեն, դու ուղեղ չունես, դու մտածելու կարողություն չունես»,- այսպես արտահայտվեց մեր զրուցակիցը` խոսելով Երևանի ավագանու և նրա կայացրած որոշման մասին:

 

Ն.Ա.